Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ, Հայաստանի քրդական համայնքի ներկայացուցիչները ակցիա են իրականացնում՝ Միացյալ Նահանգների իշխանությունների ուշադրությունը հրավիրելով Սիրիայի հյուսիս-արևելքում տիրող իրավիճակի վրա, մասնավորապես քրդական բնակավայրերի վրա թուրքական հարձակումների խնդրի վրա:
ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովի խոսքով՝ այս օրերին Սիրիայի հյուսիսում կատարվող իրադարձությունները 100 տարի առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության կրկնությունն է:
«100 տարի առաջ թուրքական իշխանությունը նույն ձևով վերացրեց 1.5 մլն հայերի և դա մարսեց, այսօր նույնը կատարում են քրդերի նկատմամբ: Այսօր Թուրքիան ուզում է աշխարհի երեսից վերացնել քուրդ ժողովրդին, ամեն տեղ, որտեղ քրդեր կան, ագրեսիա են կազմակերպում: Եկել ենք դատապարտելու քրդերի նկատմամբ իրականացվող ցեղասպանությունը: Քուրդ ժողովուրդը լի է վճռականությամբ մինչև վերջ կանգնելու, դատապարտելու իրեն կեղեքողներին, իր թշնամիներին»,-ասաց Կնյազ Հասանովը:
Թուրքիան հոկտեմբերի 9-ից «Խաղաղության աղբյուր» կոչվող ռազմական օպերացիա է սկսել Սիրիայի հյուսիս-արևելքում։ Էրդողանը ավելի վաղ նշել է, որ իրենք ունեն այդ իրավունքը։
Էրդողանն ավելի վաղ ԵՄ-ին սպառնացել էր բացել բոլոր անցակետերը ներգաղթյալների համար։ Գերմանիայից արձագանքել էին, որ Բեռլինը հուսով է՝ երկրում ներգաղթյալների տեղակայման հարցում Անկարան հավատարիմ կմնա ԵՄ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը, ի թիվս այլ բաների, Պետդեպարտամենտին և ֆինանսների նախարարությանը թույլ է տալիս սահմանափակիչ միջոցներ ձեռնարկել Թուրքիայի դեմ՝ Սիրիայի հյուսիսում նրա ռազմական գործողության համար: