fbpx
Կառավարություն
13:11 16/01/2020

ՀՀ-ում երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ»․ վարչապետ

Կառավարությունում քննարկվել են պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերին վերաբերող հարցեր

Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ»։ Այս մասին այսօր՝ հունվարի 16-ին, կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ Հայաստանում մենաշնորհային երևույթների հետ կապված պետք է ունենանք շատ կոնկրետ պատասխաններ, և մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք:

«Այդ շուկայում այսօր կա որոշակի մենաշնորհային դիրք»,-ասաց վարչապետը՝ հավելելով, որ Հայաստանում ստեղծվել է երկու կառույց, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, մյուսը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշներն ու գումարները բաշխում ըստ վարկանիշների:

Վարչապետի խոսքով՝ գովազդի բաշխման այս համակարգը մոնոպոլիզացված է:

«Հայաստանում հասարակական կազմակերպություններն ու լրատվամիջոցները պետք է լինեն թափանցիկ՝ սկսած իրական սեփականատերերի թափանցիկությունից: Օրինակ՝ այսօր Հայաստանում կան կոնկրետ անձանց սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։ Նույնիսկ կասեի, որ Հայաստանում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ Հայաստանում նույնիսկ կոռուպցիոներների հեռուստաընկերություններ կան, առնվազն երկու հեռուստաալիքի լոգոյի տեղը կարելի է գրել «կոռուպցիա», կամ «Կոռուպցիա գրուպ» … Նման հեռուստաընկերության գործունեությունն իրենց համար ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակն է բացահայտում, այլև նրանց շոշափուկների ու մետաստազների»,-ասաց նա:

Վարչապետը նշեց, որ այն լրատվական պատերազմը, որ Կառավարության ու ժողովրդի դեմ տարվում է, օգնում է, որ իրենք իրենց աշխատանքի որակն ավելի ու ավելի բարձրացնեն, բայց իրենք պետք է գնան այն ճանապարհով, որ իրական լոգոները գրվեն իրական հեռուստաընկերությունների վրա:

Վարչապետը նաև նշեց, որ հեռուստաալիք կա Հայաստանում, որ երբ միացնում ես, պարտադիր որևէ կոռուպցիոն քրեական գործով անցնող մեղադրյալ այնտեղից շատ ոգևորված հարցազրույց է տալիս ու բացատրում է, թե որտեղ են ձմեռում խեցգետինները։

Նիկոլ Փաշինյանն արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հարցրեց, թե իրական սեփականատերերին բացահայտելու մեխանիզմներ պատրաստվո՞ւմ են ներդնել։ Վերջինս դրական պատասխան տվեց:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ