fbpx
Հասարակություն

ՀՀ-ում կարգելվի ՌԴ վարորդական իրավունքով ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտային միջոց վարել․ Հովհաննես Քոչարյան

ԵՏՄ երկրներից տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձինք Հայաստանում տրանսպորտային միջոցի օգտագործմամբ ձեռնարկատիրական գործունեություն կարող են իրականացնել միայն փոխադարձության սկզբունքի հիման վրա։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ՀՀ փոխոստիկանապետ Հովհաննես Քոչարյանը։ Նրա խոսքով՝ նախագծով սահմանվում է, որ կարգելվի բիզնես գործունեության նպատակով ռուսական վարորդական իրավունքի վկայականների գործածությունը Հայաստանում։

«Այսինքն, եթե ՌԴ-ում մեր կողմից տրված տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայականները ճանաչվեն և հնարավորություն տրվի դրանցով, օրինակ, տաքսի վարել, մենք փոխադարձության հիմունքներով նույն հնարավորությունը կտանք նաև ՌԴ քաղաքացիներին»,- ասաց փոխոստիկանապետը։

Ինչ վերաբերում հարցին՝ արդյո՞ք այս նախագիծը պատասխան է ՌԴ-ին, որն արգելել է ՀՀ վարորդական վկայականներով ՌԴ-ում գործունեություն ծավալել, Քոչարյանը պատասխանեց․ «Սա պատասխան չէ, նույն կարգավորման նախատեսումն է մեր օրենսդրության մեջ միասնականացում ապահովելու համար»։

Հովհաննես Քոչարյանը կարծում է, որ ՀՀ-ն իր օրենսդրությունը ԵՏՄ-ին կհամապատասխանեցնի այն ժամանակ, երբ ՌԴ-ն իր օրենսդրությունը կհամապատասխանեցնի ԵՏՄ-ին։ Նա տեղեկացրեց, որ այս օրենքի ընդունումից հետո կարգելվի ՌԴ քաղաքացուն ՀՀ-ում, օրինակ՝ տաքսի վարել։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ն քննարկում է Ճանապարհային երթևեկության և անվտանգության մասին ու հարակից օրենքներում փոփոխություն անելու հարցը։

Նշենք նաև, որ ՌԴ-ում հայ վարորդները հայկական վարորդական իրավունքի վկայականներով չեն կարողանում ձեռնարկատիրական նպատակով տրանսպորտ վարել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ