fbpx
Իրավական

ՀՀ-ում նոր քրեական գործ է հարուցվել ՌԴ-ից զենքի գնման մրցույթի գործի շրջանակում․ РИА Новости

Պաշտպանության նախարարության աշխատակցի կողմից ռուսական զենք մատակարարող ORSIS ընկերության շահերը ՀՀ-ում ներկայացնող փաստաբանի գործունեությանը խոչընդոտելու փաստով նոր քրեական գործ է հարուցվել Հայաստանում: Այս մասին РИА Новости գործակալությանը հայտնել է աղբյուրը:

Քրեական գործը հարուցվել է Հայաստանի հատուկ քննչական ծառայության կողմից: Բացի փաստաբանի գործունեությանը խոչընդոտելուց՝ կա մեղադրանք նաև ՊՆ աշխատակցի նկատմամբ՝ արժեքավոր նվեր յուրացնելու համար:

Ըստ գործակալության զրուցակցի՝ քրեական գործը հարուցվել է Հատուկ քննչական ծառայություն ստացված նյութերի հիման վրա, ըստ որոնց, այն բանից հետո, երբ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է առաջին քրեական գործը՝ զենքի գնման մրցույթի տապալման պատճառով, պաշտպանության փոխնախարարներից մեկի օգնականը փորձել է ORSIS ընկերության փաստաբանին համոզել հրաժարվել իրավապահ մարմիններին ներկայացրած բողոքներից:

Բացի դրանից՝ 2019 թվականի սկզբին ORSIS-ի հայաստանյան դուստր ընկերությունը՝ ORSIS Arms-ը, ի նշան համագործակցության ամրապնդման ՀՀ ՊՆ-ին զենք էր նվիրել, որը, սակայն, չէր փոխանցվել կառույցին, այլ գրանցվել էր պաշտպանության փոխնախարարի անունով:

Հատուկ քննչական ծառայության մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն առանց մանրամասներ ներկայացնելու հաստատել է նոր քրեական գործի հարուցումը:

Ինչպես ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, ՀՀ-ում քրեական գործ է հարուցվել զենքի գնման մրցույթի տապալման փաստով՝ «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հատկանիշներով։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ