fbpx
Տնտեսություն

2020 թ. անկումից հետո ՀՀ-ի տնտեսությունը թևակոխել է կայուն վերականգնման փուլ. ԱՄՀ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ամփոփել է IV հոդվածի շուրջ 2021 թ. խորհրդակցությունները, ինչպես նաև ԱՄՀ աջակցությամբ իրականացվող եռամյա Պահուստային ծրագրի չորրորդ և հինգերորդ վերանայումները։ Արդյունքում՝ Հայաստանի Հանրապետության համար հասանելի են դարձել 51.428 մլն ՀՓԻ (շուրջ 72 մլն ԱՄՆ դոլար) ծավալով բյուջետային (վարկային) միջոցներ։

«ԱՄՀ գնահատմամբ` 2020 թ. անկումից հետո Հայաստանի տնտեսությունը թևակոխել է կայուն վերականգնման փուլ: Ակնկալվում է, որ COVID-19-ի համավարակային իրավիճակի աստիճանական, թեև անհավասար բարելավումը, պահանջարկի զսպումը, ինչպես նաև պետական և մասնավոր ներդրումների ընդլայնումը կխթանեն 2022 թվականի աճը:

ՀՀ Կառավարության 2021-2026 թթ. բարեփոխումների ծրագիրը կարևորագույն շրջանակ է ապագայում բարեկեցության և ներառականության ապահովման համար: Այն նպատակ ունի բարելավելու արտահանմանն ուղղված և ներդրումների վրա հիմնված աճի մոդելը ենթակառուցվածքներում և մարդկային կապիտալում (կրթություն, գիտություն և առողջապահություն) ներդրումների էական ավելացման և լայնածավալ բարեփոխումների միջոցով: Գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ջանքերը, ՓՄՁ-ների համար ֆինանսական հասանելիության ընդլայնումը, առաջնահերթ սոցիալական ծախսերի համար հնարավորությունների ստեղծումը, ինչպես նաև կլիմայի փոփոխությունը մեղմելու և վերջինիս հարմարվելու քաղաքականության մշակումը կնպաստեն ավելի բարձր կայուն և ներառական աճին:

Նշվում է, որ ԱՄՀ ֆինանսական աջակցությունը կօգնի Հայաստանին դիմակայելու մարտահրավերներին, այդ թվում՝ մեղմելով COVID-19 համաճարակի սոցիալական և տնտեսական հետևանքները՝ իր բարեփոխումների օրակարգին համահունչ։

Միաժամանակ ԱՄՀ կողմից ընդգծվել է, որ միջնաժամկետ հատվածում ՀՀ Կառավարության պարտք/ՀՆԱ ցուցանիշի աստիճանական նվազման և պարտքի կայունության ապահովման հանձնառությունն ու ապագա ցնցումների դեմ միջնաժամկետ հարկաբյուջետային բուֆերների վերականգնմանն ուղղված ջանքերը հիմնված են արժանահավատ միջնաժամկետ հարկաբյուջետային շրջանակի և աճի համար բարենպաստ հարկաբյուջետային կոնսոլիդացիայի վրա:

Արձանագրվել է նաև, որ կապիտալի շուկայի զարգացման ընդլայնված գործողությունների ծրագիրը պետք է նպաստի ապագայում ներքին ներդրումների ֆինանսավորման հարցում շուկայի դերի մեծացմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ