Արտաշատի «Արարատ Գրուպ» ջրերի գործարանում մայիսի 4-ին մեկնարկեց «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովը:
Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը.
«Տնտեսական փոփոխությունները, որ տեղի են ունենում Հայաստանում և դեռ պիտի տեղի ունենան, մեզ համար բացարձակ առաջնահերթություն են, բայց ես ուզում եմ ընդգծել, որ տնտեսական փոփոխությունների ամենակարևոր նախադրյալը այն փիլիսոփայությունն ու գաղափարախոսությունն է, որ տրված է դրանցից: Եվ այսօր, այս առիթով «Իմ քայլ հանուն Արարատի մարզի» ներդրումային համաժողովի բացման արարողության ժամանակ ես հարկ եմ համարում ևս մեկ անգամ խոսել այն փիլիսոփայության և գաղափարի մասին, որ դրված է և պիտի դրվի գործնականում տնտեսական հեղափոխության հիմքում: Այդ գաղափարը և գաղափարախոսությունը մենք համարում ենք անհատական ջանք, անհատի վերափոխում: Սա ուղիղ շարունակությունն է այն քաղաքական փոփոխությունների, որը Հայաստան Հանրապետությունում տեղի ունեցավ», – ասաց վարչապետն իր ելույթի ժամանակ:
Վարչապետը նաև հարցադրում արեց, թե ինչպիսին էր այդ փիլիսոփայական գաղափարախոսությունը հեղափոխությունից առաջ և հետո, և նշեց. «հեղափոխությունից առաջ փիլիսոփայությունը հետևյալն էր. իսկ ի՞նչ կարող է անել ՀՀ քաղաքացին. ՀՀ քաղաքացին ոչ մի բան չի կարող անել, կամ եթե նույնիսկ կարող է անել, շատ սահամանափակ, այն էլ որոշակի թույլտվությամբ և հովանավորությամբ:
Հեղափոխությունից հետո փոխվել է այս հարցի պատասխանը: ՀՀ քաղաքացին կարող է անել ամեն ինչ: ՀՀ քաղաքացու ոչ մի հնարավորություն սահմանափակված չէ պայմանով, որ մենք խոսում ենք օրինական և ստեղծարար փոփոխությունների մասին, օրինական գործողությունների մասին: Այն գործողությունների մասին, որոնք օգտվում են սեփական ազատությունից, բայց և հարգում են ուրիշների ազատությունը»:
Վարչապետն ընդգծեց, որ այդ փիլիսոփական փոփոխությունը այսօր Հայաստանը դարձրել է աշխարհի առաջատար ժողովրդավարական երկրներից մեկը: Եվ այս քաղաքական, փիլիսոփայական փոփոխությունը ՀՀ-ն դարձնում է և պետք է դարձնի աշխարհի առաջատար տնտեսական երկրներից մեկը:
Վարչապետի խոսքով՝ տնտեսական ոլորտում իներցիոն և ամենակարևոր գործընթացը այն է, որ մարդիկ երբեմն չեն ուզում հավատալ իրենց տեսածին և լսածին: Նրանք շարունակում են երբեմն ունենալ համաձայնեցումների կարիք:
«Տնտեսական որևէ ներդրման ցանկություն ունեցող մարդկանց 90 և ավելի տոկոսը ուզում է անձամբ հանդիպել և համաձայնեցնել իր գործողությունները երկրի ղեկավարի կամ երկրի ղեկավարության հետ: Մենք իհարկե պատրաստ ենք, քանի որ դա մեր աշխատանքն է քաջալերել և լսել բոլոր մարդկանց, բայց, այնուամենայնիվ, պետք է հասկանանք, որ օրն ունի 24 ժամ, շաբաթը 7 օր, ամիսը, մաքսիմում, 31 օր: Եվ սա է այն իներցիան, որը մեզ խանգարում է: Այն, ինչ դուք տեսնում և լսուք եմ Հայաստանի Հանրապետությունում, հարգելի գործարարներ, դա իրականություն է: Կառավարության խնդիրն այնպես անելն է, որ որևէ մեկը որևէ տնտեսական գործութնեության դիմելու համար չունենա կառավարության կարիքը: Կառավարության մեծագույն առաքելությունն այն է, որ մարդիկ իրենց ամենօրյա կյանքում հնարավորինս ավելի ու ավելի քիչ ունենան կառավարության կարիքը, ավելի քիչ ունենան պետական մարմինների հետ շփվելու կարիքը: Կառավարության խնդիրը ոչ թե մարդկանց ղեկավարելն է, այլ մարդկանց չխանգարելը, ոչ թե մարդկանց կամքը ձևավորելն է, այլ նրանց քաջալերելը», – նշեց վարչապետը:
«Մեր հիմնական ուղերձը ՀՀ քաղաքացիներին հետևյալն է. դուք ուժեղ եք և դուք կարող եք, դուք կարող եք զարգացնել և իրացնել ձեր ստեղծարար տաղանդը կառավարության հիմնական խնդիրը չխոչընդոտելն է և քաջալերելը ձեր բոլոր նախաձեռնություններում: Եվ մենք այսօր այս խնդիրն ենք լուծում ամենօրյա ռեժիմով:
Հայաստանի Հանրապետությունն այլևս երբեք չի լինի հուսահատ, չի լինի այնպիսին, ինչպիսին եղել է: Հայաստանի Հանրապետության քաղաքացին ամենակարող է ամենազոր է, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր մտքով, իր աշխատանքով, իր տաղանդով ծաղկեցնելու է իր հայրենիքը՝ Հայաստանի Հանրապետությունը», – եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:
