fbpx
Քաղաքականություն

Հայաստանը հանձնառու է և հաստատակամ կառուցել երկարատև, կայուն, արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում. Միրզոյան

Հայաստանը հանձնառու է և հաստատակամ կառուցել երկարատև, կայուն և արժանապատիվ խաղաղություն Հարավային Կովկասում։ Մենք մեր կողմից շատ կառուցողականորեն ենք ներգրավված բանակցություններում հենց այսպիսի խաղաղության տեսլականով։

Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Լեո Դոքերթիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ՝ պատասխանելով լրատվամիջոցների հարցերին:

«Իհարկե, հասկանալիորեն Հայաստանը միայնակ չի կարող կառուցողական քայլեր գործադրել. այս քայլերը պետք է լինեն փոխադարձ, և փոխադարձության դեպքում իսկապես կարող են երկարատև խաղաղության հիմք հանդիսանալ։ Վերադառնալով հարցին՝ ես, Ձեր թույլտվությամբ, այդտեղ մի փոքրիկ շտկում կանեի:

Ես կգնահատեի կամ կամփոփեի ոչ միայն Մոսկվայում տեղի ունեցած բանակցությունները, այև վերջին շրջանի բոլոր հանդիպումները: Գիտեք, շատ ինտենսիվ հանդիպումների փուլ է ստացվել, սկսած Վաշինգտոնում քառօրյա բանակցություններից Ադրբեջանի ԱԳ նախարարի և նրա պատվիրակության հետ, ապա Բրյուսելում երկրների ղեկավարների մակարդակով տեղի ունեցած հանդիպումների և ապա Մոսկվայում։

Ես կուզեի ասել, որ Վաշինգտոնում մասնավորապես ևս որոշակի առաջընթաց ձեռք բերվեց այն առումով, որ խաղաղության պայմանագրի նախագծի ևս երկու հոդված հնարավոր եղավ համաձայնեցնել, բայց մի քանի այլ հոդվածների շուրջ հնարավոր եղավ իսկապես ուղիղ, երկար և անկեղծ խոսակցություն ծավալել: Եվ առնվազն կարող եմ ասել, որ այդ խոսակցության ընթացքում կողմերը շատ ավելի լավ են հասկանում նաև մեկը մյուսի մտահոգությունները, նաև մեկը մյուսի մտադրությունները և առհասարակ պատկերացումները։ Սա ասում եմ ցույց տալու համար, որ բացի նշածս երկու հոդվածից մի քանի հոդվածով էլ կարծում եմ, և հուսով եմ սա միայն իմ գնահատականը չէ, համենայն դեպս ինձ այդպես հավաստիացրել են մյուս կողմերը ևս, հավանականություն կա գալ համաձայնության։ Անշուշտ, կան հոդվածներ և կան թեմաներ, որտեղ դեռ կողմերի դիրքորոշումները բավականին հեռու են իրարից, և սրանք հասկանալիորեն այն հոդվածներն են, որոնք առնչվում են ամենադժվար խնդիրներին, բայց այս ուղղությամբ ևս բավականին արդյունավետ քննարկում է եղել։ Հայաստանի համար սկզբունքային է, ինչպես և նախկինում, կարծեմ նաև հրապարակավ ինքս էլ ասել եմ, որոշակիություն ունենալ և սահմանել սահմանազատման գործընթացի համար։

Դուք նշեցիք նաև ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցը։ Իսկապես, շատերի գնահատմամբ սա այն հարցն է, որտեղ կողմերը ամենամոտն են վերջնական կարգավորման։ Իմ դիրքորոշումը, մեր դիրքորոշումը չի փոխվել: Քիչ առաջ, բառացիորեն րոպեներ առաջ ես ինքս կրկին, մեծ հաշվով, բարձրաձայնեցի այդ դիրքորոշումը։

Մենք պատրաստ ենք, և ավելին, մենք շահագրգռված ենք տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, և մենք պատկերացնում ենք, իհարկե, որ այդ ապաշրջափակումը պետք է տեղի ունենա կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

Ուզում եմ նորից շեշտել, մենք շահագրգիռ ենք այս կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում, և ինքներս կարծում ենք, որ պետք է քայլեր ձեռնարկել, որպեսզի այս ենթադրաբար ապաշրջափակվող ենթակառուցվածքները ոչ միայն երկկողմ, այլև միջազգային մեծ գրավչություն ունենան։ Գիտեք, այս օրերին, աշխարհն այսպես վերանայում, վերագործարկում կամ զրոյից հաստատում է զանազան լոգիստիկ կոմունիկացիոն նախագծեր, և ահա Հայաստանը հետաքրքրված է լինել այսպիսի նախագծերի մասը։

Այլ հարցեր էլ կան, որտեղ, ըստ էության, ողջ սպեկտրով քննարկումները շարունակվում են»,-ասել է Միրզոյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ