fbpx
Քաղաքականություն

ՀՀ-ն պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը․ Ռուբինյան

Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը: Սա ենթադրում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատում և սահմանների բացում:

Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը:

Ինչ վերաբերվում է թուրքական նախապայմաններին, մասնավորապես՝ ցեղասպանության հարցից հրաժարումին, Ռուբինյանն ասաց, որ ցեղասպանության ճանաչումը ՀՀ որևէ իշխանության օրոք չի եղել հայկական կողմից առաջադրված պայման՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում:

Ռուբինյանը նաև ընդգծեց, որ Արցախի կարգավիճակի հարցը և, առհասարակ, հայ-ադրբեջանական հարաբերություններին առնչվող բոլոր հարցերը այլ հարթության հարցեր են, որոնք չեն առնչվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և քննարկվում են համապատասխան հանձնաժողովներում.

«Սրա համար կա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահություն, կոմունիկացիաների բացման թեման քննարկվում է փոխվարչապետերի գլխավորած եռակողմ հանձնաժողովում, իսկ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումն առանձին հարց է»,- ասաց նա:

Ըստ նրա՝ ԱԺ-ում քննարկումների ցածր որակի պատճառն այն է, որ իրենք՝ պատգամավորները, միմյանց հետ չեն խոսում, այլ խոսում են «աղմուկային տրամաբանությամբ»: Ռուբինյանը դժգոհեց ընդդիմության տված հարցադրումներից, ըստ նրա՝ դրանք բովանդակային պատասխաններ ակնկալող հարցեր չեն եղել: «Ինչի՞ մասին է եղել հարցադրումների մեծ մասը. ի՞նչ հիմքով է ներկայացուցիչը նշանակվել, մեքենայի վրա դրոշ կա՞ր, թե՞ ոչ»,- ասաց Ռուբինյանը:

Անդրադառնալով բովանդակային հարցերին, մասնավորապես՝ հարցին, թե արդյոք կա՞ աշխատանքային խումբ իր հետ՝ Ռուբինյանը դրական պատասխան տվեց:

«Այո, կա՝ կազմված դիվանագետներից և արտգործնախարարության աշխատակիցներից: Իսկ, թե արդյոք ես խորհրդակցե՞լ եմ մասնագետների և նախկինում բանակցողների կամ բանակցությունների մասնակցողների հետ, այո, իհարկե խորհրդակցել եմ և շարունակելու եմ խորհրդակցել»,- ասաց նա, սակայն անուններ չհնչեցրեց, քանի որ, իր խոսքով, թույլտվություն չի վերցրել:

Ըստ նրա՝ ընդդիմությունը փորձում է կասկածների, մանիպուլյացիաների միջոցով իրեն ներկայացնել որպես կասկածելի կապերով անձ: Նրա խոսքով՝ մարդիկ հոգնել են ամեն օր լսել՝ «թուրք», «գործակալ», «դավաճան» արտահայտությունները: Ռուբինյանը կոչ արեց բոլորին` մտնել բովանդակային դաշտ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ