Ազգային ժողովի նիստում ապրիլի 22-ին քննարկման էր դրված «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
ԲՀԿ խմբակցության անդամ Արման Աբովյանը խնդրեց հիմնական զեկուցող, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանին ավելի հստակ ներկայացնել, թե այս փոփոխությունն ի՞նչ կարող է տալ:
Գեմաֆին Գասպարյանը երկու օրինակ բերեց, առաջինը՝ նախորդ տարի 8 անձի դրամական փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ երկու միջնորդություն է ստացվել, բայց 2-ը եղել են անչափահաս, նրանց չեն կարողացել փոխհատուցում տալ, հիմա փորձում են այդ բացը լրացնել, իսկ երկրորդ փոփոխությունը հատուկ կատեգորիայի երեխաների ուղղորդման մեխանիզմ ներդնելն է:
Աբովյանը կարծիք հայտնեց, որ երեխաների թրաֆիքինգի համար պատիժն ու տույժերը պետք է ավելի խստացվեն, նշեց նաև, որ շատ մեղմ է հայկական քրեական և վարչական օրենսդրությունն այս հարցում, խոստացավ՝ այս հարցը կլինի խմբակցության ուշադրության կենտրոնում:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը նշեց, որ կարևոր նշանակություն ունի աշխատանքային թրաֆիքինգի արգելումը:
«Ուզում եմ, որ իրազեկեք՝ ՀՀ-ում գոյություն ունի՞ արդյոք օրենք «Կամավոր աշխատանքի մասին», թե՞ ոչ, ներկայացրեք օրենքի ընթացքը, և թե ինչ լուծում ունեն այնտեղ երեխաների աշխատանքային թրաֆիքինգի հարցերը»,- հարց տվեց նա:
Գասպարյանն ասաց, որ 2018 թ. վիճակագրության համաձայն` ստացվել է 6 միջնորդություն թրաֆիքինգի ենթարկված 9 անձի համար, որոնցից մեկը հատուկ կատեգորիայի երեխա է: Նա նշեց՝ կամավոր աշխատանքի մասին օրենքը կարևոր է, տեղեկացրեց՝ իրենք քննարկում են, թե ոնց կարող են դա իրականացնել, որ աշխատանքային շահագործման չհանգեցնի: