fbpx
Հասարակություն

ՀՀ-ում հույների նկատմամբ խտրականության որևէ դեպքի չեմ առնչվել․ Մարիա Լազարևա

Հայաստանի Հանրապետությունը համարվում է մոնոէթնիկ պետություն, բայց Հայաստանում ևս ապրում են բազմաթիվ ազգային փոքրամասնություններ՝ եզդիներ, հույներ, հրեաներ, ասորիներ, քրդեր ռուսներ և այլն:

Նրանք ունեն տարբեր ավանդույթներ, մտածելակերպ և, ամենակարևորը, տարբեր կրոններ, բայց դա չի խանգարում տարիներ շարունակ ապրել կողք-կողքի:

Ըստ անցկացված վերջին` 2001 թվականի մարդահամարի տվյալների՝ ազգային փոքրամասնությունները կազմում են ՀՀ բնակչության 2.2 տոկոսը` 67 657 մարդ:

Այս անգամ մեր անդրադարձը վերաբերում է Հայաստանում բնակվող հույներին, որոնց թիվը հասնում է 900-ի: Հայաստանի հունական համայնքի գործունեության, հույների խնդիրների, նրանց իրավունքների պաշտպանության և ներկայացվածության մասին հայաստանյան մեդիադաշտում զրուցել ենք «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպության նախագահ Մարիա Լազարևայի հետ:

– Ե՞րբ է ձևավորվել Հայաստանի հունական համայնքը, և ի՞նչ գործընթացներ են նպաստել հունական համայնքի ձևավորմանը: Եվ հետաքրքիր է` երբվանից եք ղեկավարում համայնքը:

– Թեև Հայաստանում հույների ներկայությունը շատ դարերի պատմություն ունի, այնուհանդերձ, ներկայիս համայնքը սկսել է ձևավորվել 1750-ական թվականներից, երբ վրաց Իրակլի թագավորի հրամանով Պոնտոս Տրապիզոն, Արգիրուպոլիս քաղաքներից Հայաստանի հյուսիս, մասնավորապես` Լոռի են տեղափոխվում մեծ թվով հանքագործ վարպետներ։ Երբ նայում ենք հույների տեղաբաշխվածությանը Հայաստանում, ապա կնկատենք, որ հույներ բնակվել են հիմնականում այնպիսի բնակավայրերում, որտեղ եղել են հանքեր։ Այդպիսով, հունաբնակ է եղել նաև Հանքավան գյուղը, Զանգեզուրը, Արցախի Մեհմանան։ Ես «Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ-ն ղեկավարում եմ 2019 թվականի հունվարից։

– Վերջին տվյալների համաձայն՝ Հայաստանում բնակվող քանի՞ հույն կա։ Հայաստանի ո՞ր մարզերում, համայնքերում են բնակվում հույները, և ո՞ր մարզում են գերակշռում:

– 20-րդ դարասկզբին և խորհրդային տարիներին Հայաստանում ապրող հույների թիվը բավական մեծ էր։ Ունեինք նաև հունական գյուղեր՝ Մադանը, Հանքավանը, Յաղդանը։ Այսօր որպես այդպիսին, հունական գյուղեր այլևս չկան, պարզապես նշված գյուղերում հույներ են ապրում։ Պատճառը 90-ականների սկզբի խոշոր արտագաղթն էր դեպի Հունաստան և այլ երկրներ։ Վերջին տվյալներով՝ Հայաստանում ապրող հույների թիվը հասնում է 900-ի, որոնց մեծ մասը խառնամուսնական ընտանիքներից են։ Գերակշռող մասը բնակվում է Լոռու մարզում` Ալավերդի և շրջակա գյուղեր, Ախթալա, Ստեփանավան (Յաղդան, Կողես գյուղեր), Վանաձոր, ապա նաև Շիրակում, Տավուշում, ինչպես նշեցի արդեն՝ Հանքավանում, Հրազդանում և Երևանում։ Հույներ ապրում են նաև Սյունիքում, սակայն կազմակերպված հունական համայնք այդ մարզում դեռևս չունենք։ Փոքրաթիվ հունական համայնք ունենք նաև Արցախում։

– «Հայաստանի հունական համայնքների միություն» հասարակական կազմակերպությունը ի ՞նչ ծրագրեր է իրականացրել կամ այս պահին էլ իրականացնում է, որոնք նպաստում են հունական համայնքի խնդիրների բարձրացմանը հայաստանյան մեդիադաշտում:

– Կարելի է ասել՝ սոցցանցերում մենք բավական ակտիվ ենք, ունենք և ֆեյսբուքյան էջ, թե կայք (www.greeks.am), որտեղ պարբերաբար թարմացումներ ենք ունենում մեր գործունության վերաբերյալ, տեղադրում հայտարարություններ և այլ տեսակի բովանդակություն։ Ունենք նաև եռալեզու «Իլիոս» թերթը, որը տպագրվում է կառավարության ֆինանսավորմամբ և դարձյալ լուսաբանում է Հայաստանի հունական համայնքի կյանքը։ Փորձեմ հակիրճ ներկայացնել մեր գործունեությունն ու խնդիրները: Հայաստանի հունական համայնքների միության գործունեության ամենակարևոր նպատակներից մեկը Հայաստանում ապրող հույների ինքնության պահպանումն է, որն իրականացնում են տարատեսակ միջոցառումներով։ Ազգային ինքնություն ասելով, բնականաբար, նկատի ունենք մշակույթը, լեզուն և կրոնը։ Մշակույթին նվիրված միջոցառումները բազմազան են և բաց ցանկացողների համար։ Հունական մի շարք համայնքներում Հունաստանի կառավարության առաջկցությամբ անցկացվում են նոր հունարենի անվճար դասընթացներ, որոնց մասնակցում են ոչ միայն հույներ, այլ նաև հայեր և այլազգիներ։ Սակայն հարկ է նկատել, որ նոր հունարենը չի համարվում տեղացի հույների մայրենի լեզուն, որով խոսել են մեր նախնիները։ 18-րդ դարի կեսերին Հայաստան գալով, պոնտացի հույներն իրենց հետ բերել են իրենց պոնտական խոսվածքը, որն առանձին զարգացած ճյուղ է հին հունարենից և զգալիորեն տարբերվում է ժամանակակից հունարենից։ Պոնտիերեն բարբառը Հայաստանում կենսունակ է եղել մինչև 20-րդ դարի վերջերը, իսկ ահա անկախությունից հետո հույների՝ դեպի Հունաստան արտագաղթից հետո, պոնտիերենի գործածությունը սկսել է զգալիորեն նվազել։ Մեր նախնիների լեզուն մոռացման վտանգից փրկելու համար անցած տարի մենք դիմեցինք ԿԳՄՍՆ-ին՝ պոնտիերենը ՀՀ-ում անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային արժեքների ցանկում ընդգրկելու հարցում։ Մեր հայտն ընդունվել է, և այժմ նախապատրաստում ենք հնարավոր ծրագրեր լեզվի պահպանության համար։ Ինչպես արդեն նշեցի, ազգային ինքնության առանցքներից մեկն էլ կրոնն է։ Հույներն ուղղափառ են և դարեր առաջ Հայաստանում ունեցել են իրենց հունական եկեղեցիները։ Այս պահին Հայաստանում գործող հունական եկեղեցի չկա։ Սակայն կա քիչ թե շատ բարեկարգ հունական եկեղեցի՝ Սուրբ Գեորգիոսը Հանքավան գյուղում։ Մեր կազմակերպությունն այս պահին աշխատանքներ է տանում այդ եկեղեցուն հուշարձանի կարգավիճակ տալու և ինչ-որ կերպ կենդանացնելու ուղղությամբ։

– Ըստ ձեզ` Հանրային հեռուստաընկերությունը և Հանրային ռադիոն պատշաճ կերպով լուսաբանո՞ւմ են ազգային փոքրամասնությունների` հատկապես հույների խնդիրները, և արդյո՞ք իրենց գործունեությունը բավարար է, որ բարձրաձայնվի հույների խնդիրների և առհասարակ նրանց մասին:

– Վերջին տարիներին հայկական ԶԼՄ-ները բավական շատ են անդրադառնում ազգային փոքրամասնություններին։ Պատրաստվում են ամենատարբեր բովանդակությամբ և ձևաչափի հաղորդումներ, որոնք լուսաբանում են մեր կենցաղը, սովորույթները, ինչու չէ նաև խնդիրները։ Կրոնի, այսինքն՝ եկեղեցու խնդիրը, օրինակ, անցած հոկտեմբերին լուսաբանվեց Հանրային հեռուստաընկերության առավոտվա ծրագրում և բավական մեծ արձագանք ունեցավ։ Հանրային ռադիոն ունի հունարենով լրատվական հաղորդում։ Սակայն այն իրականացվում է ժամանակակից հունարենով, որը ինչպես արդեն նշել եմ, մեր մայրենին չէ, և այն չեն կրել մեր նախնիները։ Հունարենով այլ հաղորդումներ չկան, և անկեղծ ասած, այս պահին հրատապ կարիք էլ չկա։

– Այսօր՝ ժամանակակից աշխարհում, Հունական համայնքը Հայաստանում բնկավելով, կարողանո՞ւմ է պահպանել իր դիմագիծը, ավանդույթներն ու մշակույթը:

– Ինչպես նշեցի, Հայաստանի հույների մեծ մասը խառնամուսնական ընտանիքներից է, շատ դեպքերում հունական արյունն անգամ շատ քիչ տոկոս է կազմում մարդու գենետիկայի մեջ, սակայն հույները լավ խոսք ունեն․ «Արյունը ջուր չի դառնում»։ Երբեմն հենց այդ մի փոքր արյան վրա էլ հնարավոր է լինում կառուցել ազգային ինքնությունը, կապել նոր սերունդներին իրենց ավանդույթներին ու պատմությանը։ Հենց այդ նպատակն են հետապնդում հույն երեխաների ամենամյա ճամբարները, որոնք կազմակերպում ենք ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ, և որոնց մասնակցում են հունական ծագում ունեցող երկու տասնյակից ավել երեխաներ, ծանոթանում իրենց պատմական հայրենիքին, պատմությանը, մշակույթին։

– Հայերի ու հույների նմանության մասին, շատ է խոսվում։ Ըստ ձեզ` ինչո՞վ են հայերն ու հույները միմյանց նման։

– Հավանաբար տեմպերամենտով, իրար հարեհաս լինելու, օգնելու պատրաստակամությամբ, կյանքի ու մերձավորի նկատմամբ սիրով։

– Հետաքրքիր է` ինչպիսի՞ն է հունական մշակույթի հանդեպ հայ ժողովրիդի վերաբերմունքը։

– Հայերը շատ են սիրում հույներին, և իզուր չէ, որ այս երկու ազգերը իրար եղբայրներ են անվանում։ Սա միայն լսելով չէ, որ գիտենք։ Մեր միջոցառումներին բազմաթիվ հայեր են գալիս, ովքեր սիրում են հունական մշակույթը, ցանկանում են սովորել հունարեն, մոտ լինել հունականությանը։

– Այսօրվա հույները իրենց պատմանական անցյալի ժառանգորդ ու այդ ժառանգության կրողը համարո՞ւմ են:

– Անշուշտ։

– Հայաստանում բնակվելով` հունական համայնքը հաճա՞խ է բախվում խտրական վերաբերմունքի, ըստ ձեզ Հայաստանում ինչքանո՞վ են պաշտպանված ազգային փոքրամասնությունների իրավունքները:

– Բարեբախտաբար, ոչ իմ ղեկավարության շրջանում, ոչ էլ դրանից առաջ Հայաստանում չեմ առնչվել հույների նկատմամբ խտրականության որևէ մի դեպքի։ Չէի ցանկանա խոսել մյուս ազգային փոքրամասնությունների անունից, սակայն հույների՝ որպես ազգային փոքրամասնության իրավունքները, որպես այդպիսին, չեն խախտվում։ Իսկ եթե կան խնդիրներ, ապա դրանք ճիշտ ձևակերպելու դեպքում պետությունը, համայնքի հետ համագործակցելով, ձեռնամուխ է լինում դրանց լուծմանը։

Հեղինակ` Շողիկ Կակոյան

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ