fbpx
Էկո

Հիսուսի արձանի կառուցումը շատ գործոնների խաթարման պատճառ է հանդիսապում

Նարեկ Այվազյանը Facebook-ի իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Հատիս լեռան գագաթին կառուցվող Հիսուսի արձանին.

««Հատիս» հրաբուխը 14 oգոստոսի 2008 թվականի ՀՀ կառավարության N 967-որոշմամբ ճանաչված է որպես բնության հուշարձան և Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն չի կարող օտարվել, առանց ՀՀ կառավարության կողմից դրանց նպատակային նշանակության փոփոխության:

Նախ Հատիսը բացառիկ է այն բանով, որ գագաթին կար ամրոցի ավերակ, որոնց մի մասը, եթե ոչ ամբողջը ոչնչացվել է, ինչպես նաև տարբեր հատվածներում կան Քարե դարը ներկայացնող կայաններ, որտեղից պեղումների ժամանակ հայտնաբերվել են օբսիդիանից պատրաստված տարբեր իրեր ու պարագաներ: Լեռը նաև իր լանդշաֆտով, դիրքով, կենսաբազմազանությամբ ու այլ կարևոր հատկանիշներով է բացառիկ:

Ըստ վերահսկող մարմինների, բնության հուշարձանը չի սահմանագծվել համապատասխան մարմինների կողմից, դրա համար բյուջե հատկացված չի եղել աշխատանքների համար: Սակայն ահռելի քանակությամբ տարածք, այդ թվում գագաթը վաճառվել է տվյալ համայնքի ղեկավարության կողմից, որի իրավազորությունը չեն ունեցել: Ցայսօր ոչ ոք ոչ մի պատասխանատվություն չի կրել ապօրինի օտարման համար: Մինչև հիմա պետությունը չի վերադարձրել տարածքը իրական տիրոջը: Նույնիսկ որոշ չինովնիկներ աջակցել են «Հիսուսի» արձանի բիզնես պրոեկտին, որի սկսման փուլում ավերվել է գագաթը՝ ամրոցի հետքերը, ընթացքում էլ սարը դարձել է շինհրապարակ, որը խաթարել է էկոհամակագը, բուսական ու կենդանական աշխարհի ներկայացուցիչների, գիտական կամ պատմամշակութային արժեքները, ինչն արգելված է Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին ՀՀ օրենքի 18, 19 հոդվածներով:

Ավելին՝ նույն օրենքի 20-րդ հոդվածը արգելում է տնտեսական գործունեությունը տվյալ տարածքում, ու նույնպես էկոհամակարգին և այլ արժեքներին վնաս է հասցնելու:

Ընդհանուր առմամբ խաթարված է բնության հուշարձանի բնական էկոհամակարգերի, կենսաբանական բազմազանության և լանդշաֆտների, բնության ժառանգության բնականոն զարգացումը, որը համարվում է պետության պահպանություն իրականացնելու նպատակը:

Այլ տեսանկյուից էլ դիտարկենք խնդիրը. եթե պետության ներսում կարում են խլեն անօտարելի տարածքը, իբր օրենքով, բա Ադրբեջանն էլ կխլի ու կմարսի, Թուրքիան էլ, Վրաստանն էլ, Իրանն էլ: Ու ընդհանրապես, պետությունը պետություն է, երբ կարողանում է իր տարածքները պաշտպանել, ապահովել անվտանգություն և բարեկեցություն:

Հայաստանում թե՛ իշխանության մեջ, թե՛՛ ընդդիմության մեջ, թե ազգի, ժողովրդի, հասարակության մեջ մի ստվար զանգված կորցրել է ինքնությունը, հետևաբար չի պաշտպանում տարածքները և զիջում է անվտանգությունը վերացական բարեկեցությանը, որի պատճառով էլ հայտնվում է կախվածության մեջ՝ զրկվելով ազատությունից ու ինքնուրույնությունից:

Այդպիսի անկարգ վիճակում էլ հանրույթներն ու համայնքներն ընկնում են կախվածության մեջ և ձևավորվում են կրիմինալը, տոտալիտարիզմը, ավտորիտարիզմը և այլ արատավոր երևույթներ, որոնք խժռում են հասարակությունների սերուցքը և մատնում անտերության:

Ի վերջո, ամենաթողության մեջ մեղավոր չեն կարող լինել բոլորը, որովհետև սևը սպիտակի վրա գրված են կանոնները, պատասխանատվությունն ու պատասխանատուները: Եվ ինչքան էլ մուկնուկատու խաղացնեն նմանատիպ հարցերով, պետք է գա հանրային պայմանը խախտողների կանչի ժամը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ