fbpx
Առողջապահություն

Հայաստանում 4800 մարդ ապրում է ՄԻԱՎ-ով․ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվա կարևորությունը

logo

Դեկտեմբերի 1-ը ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրն է, որն այս տարի նշվում է «Առաջնորդվենք իրավունքներով․ իմ առողջությունն իմ իրավունքն է» կարգախոսով։ Այս օրը միավորում է աշխարհին՝ աջակցելու ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց և հարգելու հիվանդությունից մահացածների հիշատակը։

1988-2024 թթ․ հոկտեմբերի 31-ի տվյալներով՝ Հայաստանում գրանցվել է ՄԻԱՎ վարակի 6076 դեպք, որոնցից 70%-ը արական և 30%-ը՝ իգական սեռի ներկայացուցիչների շրջանում։ ՁԻԱՀ-ի դեպքերի թիվը հասել է 2779-ի, իսկ մահվան դեպքերի թիվը՝ 1276-ի։ Երեխաների (0-14 տարեկան) շրջանում արձանագրվել է ՄԻԱՎ վարակի 87 դեպք, ՁԻԱՀ-ի 47 դեպք, մահվան 12 դեպք։

Ժամանակահատվածի վերջի դրությամբ՝ Հայաստանում ՄԻԱՎ-ով ապրում է 4800 քաղաքացի (հաշվարկային թիվը՝ 6300): Նրանցից 3777-ը ստանում է հակառետրովիրուսային (ՀՌՎ) բուժում, որն իրականացվում է բացառապես անվճար։

Հայաստանում իրականացվում են հանրային միջոցառումներ՝ ՄԻԱՎ-ի կանխարգելման և վաղ ախտորոշման նպատակով։ Շարժական բուժախտորոշիչ կլինիկաները տրամադրում են անվճար և անանուն հետազոտություններ։ Այսօր, դեկտեմբերի 1-ին, ԻՀԱԿ շարժական կլինիկան աշխատելու է 13:00-19:00-ն Ազնավուրի հրապարակում՝ ապահովելով տեղում հասանելի ծառայություններ բոլոր ցանկացողների համար։

Այս օրը հիշեցնում է, որ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը ոչ միայն բժշկական, այլև սոցիալական խնդիր է։ Իրազեկվածությունը, համերաշխությունը և կանխարգելման միջոցառումները կարևոր են յուրաքանչյուր մարդու իրավունքների և առողջության համար։ Հայաստանում մատչելի և անվճար բուժօգնությունն ապացուցում է, որ համատեղ ջանքերով հնարավոր է ապահովել կյանքի բարձր որակ՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց համար։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ