Հունիսի 10-ին պարետատան նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրեն Պետրոս Մանուկյանը նշել է, որ կորոնավիրուսային հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և անկառավարելի բարդություններով։
«Հիվանդներն ունեն բազմաթիվ ուղեկցող հիվանդություններ, որոնք առավելագույնս բարդացնում են հիվանդության ընթացքը։ Վերջին ժամանակներս ծանր ու ծայրահեղ հիվանդների աճի միտում նկատվեց, հիվանդանոցն առավել ծանրաբեռնված է աշխատում։ Հիվանդը, պատկերացրեք, ընդունվում է հիվանդանոց այնպիսի ցուցանիշներով, որ բնորոշ չեն առավել ծանր հիվանդին և կարճ ժամանակ անց նման կլինիկական ախտանիշներ, ինչպիսին է շնչահեղձությունը, մարդկանց մոտ տագնապի զգացողությունը, օդի պակասը, այդ գերլավածությունը առաջացնում է այնպիսի վիճակ, որ զարգացման ընթացքը հիվանդների մոտ անկառավարելի ընթացքի է բերում։ Բառիս բուն իմաստով աչքիդ առաջ հիվանդները սկսում են շնչահեղձ լինել։ Այստեղ մեզ օգնության են հասնում շնչական ապարատները»,- ընդգծել է Պետրոս Մանուկյանը։
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ բուժական հարցերով փոխտնօրենի խոսքով՝ հիվանդությունը ընթանում է անկառավարելի ընթացքով, անակնկալներ մատուցելով և իր բարդությունները այսօր նույնպես անկառավարելի են։
«Չենք կարողանում կանխագուշակել հիվանդության ընթացքը և այսօր թե ամբողջ աշխարհում, թե մեզ մոտ կիրառվող բուժական մեթոդները դեռ չունեն այն հստակ ապացուցողական բազան, որոնք կարող են հստակ ազդել հիվանդության ելքի վրա»,- հավելել է նա։
Փոխտնօրենի խոսքով՝ պատերազմ է ընթանում, բուժաշխատողները օր ու գիշեր պայքարում են կյանքեր փրկելու համար։ Նա հորդորեց հետևել պարետատան կանոններին։