fbpx
Կառավարություն

ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել. Նիկոլ Փաշինյան

Վերջին օրերին հումանիտար իրավիճակը ԼՂ-ում ծայրաստիճան սրվել է: Այս մասին Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ադրբեջանը նախ՝ արգելափակել է Լաչինի միջանցքը, ապա՝ փակել ԼՂ-ն բնական գազով մատակարարող խողովակը: Այս սադրիչ գործողությունների հետևանքով ԼՂ բնակիչները զրկվել են ազատ տեղաշարժի իրավունքից, հայտնվել են ձմեռային եղանակի պայմաններում իրենց բնակարանները ջեռուցելու դժվարությունների առաջ, հազարավոր մարդիկ, այդ թվում՝ երեխաներ, ձմռան ցուրտ պայմաններում մնացել են ճանապարհներին, բազմաթիվ ընտանիքներ ակամա կիսվել են՝ հայտնվելով շրջափակման տարբեր կողմերում:

Առողջական ծանր խնդիրներ ունեցող քաղաքացիները զրկված են դեղորայքից և առողջապահական ծառայություններից: Խափանվել են պարենի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումները:

120 հազար մարդ շրջափակման մեջ փաստացի հայտնվել է պատանդի կարգավիճակում:

Գազով ջեռուցվող դպրոցներն ու մանկապարտեզները հարկադրված դադարեցրել են աշխատանքները, ինչի հետևանքով շուրջ 22 հազար երեխա զրկվել է կրթության իրավունքից:

ԼՂ-ում ստեղծված իրավիճակն այլ կերպ, քան հումանիտար ճգնաժամ, հնարավոր չէ անվանել: Ընդ որում՝ այդ ճգնաժամն առաջացել է Ադրբեջանի կողմից իր ստանձնած միջազգային պարտավորությունները չկատարելու հետևանքով»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Լաչինի միջանցքի փակումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ուղղակի և կոպիտ ոտնահարում է Ադրբեջանի կողմից, այն պարզ հիմնավորմամբ, որ նշված հայտարարության 6-րդ կետի համաձայն՝ Լաչինի միջանցքը գտնվում է ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երթևեկության անվտանգությունը:

«Այս հայտարարությունը մի փաստաթուղթ է, որի տակ դրված է նաև Ադրբեջանի նախագահի ստորագրությունը»,-ասաց Փաշինյանը:

Նա շեշտեց, որ Ադրբեջանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության խախտումները քրոնիկ բնույթ են կրում:

«Հայտարարության 1-ին կետում արձանագրվում է ԼՂ հակամարտության գոտում կրակի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման մասին: Ի հեճուկս այս արձանագրման՝ Ադրբեջանի կողմից ապօրինի ռազմական գործողություններ են ձեռնարկվել սկսած 2020 թվականի դեկտեմբերի 13-ից, այսինքն՝ եռակողմ հայտարարության ստորագրումից մեկ ամիս անց, մասնավորապես ԼՂ Խծաբերդ և Հին թաղեր գյուղերի օկուպացիայի տեսքով:

2022 թվականի մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ներխուժել են ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտի՝ Քարագլուխ բարձունքի Փառուխ գյուղի հատվածում, և մինչև օրս շարունակում են մնալ այնտեղ:

Նմանատիպ ռազմական գործողություններ տեղի են ունեցել նաև դրանից առաջ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ եռակողմ հայտարարության առաջին կետի կոպտագույն խախտում է նաև Ադրբեջանի ՀՀ տարածքների օկուպացիան 2021 թվականի մայիսի 11-ի, նույն թվականի նոյեմբերի 14-ի և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի սադրանքների հետևանքով:

«Ադրբեջանի կողմից եռակողմ հայտարարության առաջին կետի դրույթների կոպիտ ոտնահարում է նաև հրադադարի ռեժիմի ամենօրյա խախտումները Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

Վերը նշված գործողությունները խախտում են, այդ թվում՝ եռակողմ հայտարարության 3-րդ կետը, ըստ որի՝ ԼՂ-ում ձևավորվում է շփման գիծ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության ներքո:

Ադրբեջանի շարունակական պնդումները, թե ԼՂ գոյություն չունի, նույնպես եռակողմ հայտարարության կոպտագույն խախտում է»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ Ադրբեջանը կոպտորեն և շարունակաբար խախտում է նաև հայտարարության 7-րդ կետը, համաձայն որի՝ ներքին տեղահանված անձինք և փախստականները վերադառնում են ԼՂ տարածք և հարակից տարածքներ ՄԱԿ-ի փախստականների գծով գլխավոր հանձնակատարի աշխատակազմի վերահսկողոևւթյան ներքո:

«Մինչև այժմ ՄԱԿ-ի ներկայացուցիչները Ադրբեջանի կողմից հարուցված խոչընդոտների պատճառով չեն կարողացել մուտք գործել ԼՂ: Մինչև այժմ ԼՂ Հադրութի շրջանից բռնի տեղահանված քաղաքացիների հարցերը լուծված չեն:

Ուշադրություն դարձնենք եռակողմ հայտարարության վերը նշված հոդվածի ձրակերպմանը. «Փախստականները վերադառնում են ԼՂ տարածք»: Այս ձևակերպումը նշանակում է, որ կա ԼՂ և ԼՂ-ն ունի տարածք, և ասելով, թե ԼՂ գոյություն չունի և չընդունելով նման տարածքային միավորի գոյությունը՝ Ադրբեջանն ըստ էության հայտարարում է, որ փախստականները վերադառնալու տեղ չունեն, ինչը ոչ միայն եռակողմ հայտարարության, այլև հումանիտար իրավունքի կոպտագույն խախտում է»,-ասաց Փաշինյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ