Հնդկաստանում արգելել են բազմամարդ միջոցառումները՝ նոր անկարգություններից խուսափելու համար-Azat TV
Աշխարհ
02:00 19/12/2019

Հնդկաստանում արգելել են բազմամարդ միջոցառումները՝ նոր անկարգություններից խուսափելու համար

Հնդկաստանի մայրաքաղաքի իշխանությունները դեկտեմբերի 18-ին արգելել են բոլոր բազմամարդ միջոցառումները Նյու Դելիի հյուսիսարևելյան շրջանում, որտեղ նախօրեին զանգվածային անկարգություններ ու բողոքներ են եղել Հնդկաստանի քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրման դեմ: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, այս միջոցն ընդունվել է հնարավոր նոր անկարգությունները կանխելու նպատակով:

Անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկված նաև քաղաքի այլ շրջաններում: Ոստիկանության ուժեղացված կարգախմբերը հերթապահում են խաչմերուկներում և հրապարակներում: Դեկտեմբերի 17-ին մոտավորապես երկու հազար բողոքողներից բաղկացած բազմությունը ոստիկանության հետ բախումներ է սկսել Նյու Դելիի Սիլամպուր հյուսիսարևելյան շրջանում: Բողոքավորները փորձել են անցնել քաղաքի կենտրոն, բայց նրանց կանգնեցրել են ոստիկանները: Ակցիայի մասնակիցներն սկսել են քարեր ու փայտեր նետել իրավապահների վրա՝ ի պատասխան ոստիկանությունը գործի է դրել մահակներ ու արցունքաբեր գազ:

Ինչպես ավելի վաղ մամուլին հայտնել է Դելիի ոստիկանության կոմիսար Ալոկ Կումարը, անկարգությունների ընթացքում ջարդուփշուր է արվել քաղաքային ու ոստիկանական երկու ավտոբուս, ինչպես նաև մի քանի մոտոցիկլետ ու մոպեդ: Քաղաքացիության մասին օրենքի սկանդալային ուղղումները, որն ուժի մեջ է մտել անցած շաբաթվա վերջին, նախատեսում են, որ Հարավային Ասիայի հարևան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Պակիստանի և Բանգլադեշի ոչ մուսուլման բնակիչները պարզեցված կարգով Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան, եթե նրանք բռնաճնշումների են ենթարկվել հայրենիքում:

Օրենքը հարուցել է Հնդկաստանի մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, որ ուղղումները խախտում են Սահմանադրությունը և կրոնական հատկանիշով խտրականություն են ենթարկում երկրի քաղաքացիների մի մասին: Վրդովմունք են հայտնել նաև երկրի հյուսիսարևելյան նահանգների բնակիչները, որոնք զգուշանում են, որ այժմ իրենց տարածաշրջաններում օրինական կարգով կկարողանան հաստատվել միլիոնավոր բանգլադեշցիներ, ինչը, բողոքների կազմակերպիչների կարծիքով, սպառնում է տեղի բնակչության շահերին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ