Աշխարհ
02:00 21/12/2019

Հնդկաստանում բողոքի ակցիաները չեն դադարում

Դեկտեմբերի 20-ին Հին Դելիի պատմական մզկիթի մոտ մի քանի հազար մարդ է ցույցի դուրս եկել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրույթի դեմ: Ինչպես հաղորդում է NDTV հեռուստաալիքը, ոստիկանությունը խոչընդոտում է մզկիթի մոտ հավաքվածներին՝ երթով անցնել փողոցներով և փորձում է զսպել բազմությանը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ակցիան գլխավորում է «Բհիմ Արմի» կազմակերպության առաջնորդ Չանդրաշեքար Ազադը: Ավելի վաղ իշխանություններն Ազադին թույլ չէին տվել երթ կազմակերպել Նյու Դելիով՝ Մայր մզկիթից մինչև քաղաքի կենտրոնի հնագույն աստղադիտարանը: Նյու Դելիում վերջին 24 ժամվա ընթացքում շուրջ 1200 մարդ է բերման ենթարկվել քաղաքացիության մասին օրենքի նոր խմբագրության ընդունման դեմ անցկացված բողոքների ընթացքում: Ոստիկանությունը փակել է քաղաքի կենտրոնը, արգելված են բոլոր բազմամարդ հավաքներն ու միջոցառումները: Դեկտեմբերի 20-ին քաղաքում անվտանգության խստացված միջոցներ են հայտարարված:

Ոստիկանությունը հերթապահում է խաչմերուկներում և հրապարակներում: Որոշ փողոցներում երթևեկությունը փակված է կամ սահմանափակված: Ինչպես մամուլին հայտնել է Նյու Դելիի ոստիկանության հասարակայնության հետ կապերի գծով ներկայացուցիչ Մանդիպ Սինգհ Ռանդհավան, լրացուցիչ մայրաքաղաք է մտցվել 52 ոստիկանական ստորաբաժանում. այդ թվում՝ ահաբեկչության և զանգվածային անկարգությունների դեմ պայքարի հատուկ զորամասեր:

Քաղաքացիության մասին օրենքի ուղղումները, որն ուժի մեջ է մտել անցած շաբաթվա վերջին, նախատեսում են, որ Հարավային Ասիայի հարևան երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Պակիստանի և Բանգլադեշի ոչ մուսուլման բնակիչները պարզեցված կարգով Հնդկաստանի քաղաքացիություն ստանալու հնարավորություն կունենան, եթե նրանք բռնաճնշումների են ենթարկվել հայրենիքում: Օրենքը հարուցել է Հնդկաստանի մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, որ ուղղումները խախտում են Սահմանադրությունը և կրոնական հատկանիշով խտրականություն են ենթարկում երկրի քաղաքացիների մի մասին: Վրդովմունք են հայտնել նաև երկրի հյուսիսարևելյան նահանգների բնակիչները, որոնք զգուշանում են, որ այժմ իրենց տարածաշրջաններում օրինական կարգով կկարողանան հաստատվել միլիոնավոր բանգլադեշցիներ, ինչը, բողոքների կազմակերպիչների կարծիքով, սպառնում է տեղի բնակչության շահերին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ