fbpx
Աշխարհ

Հնդկաստանում ցույցերի ֆոնին կսահմանափակվի ինտերնետ հասանելիությունը

Հնդկաստանի կառավարությունը որոշում է կայացրել սահմանափակել ինտերնետ հասանելիությունը երկրի հյուսիսային և հյուսիսարևելյան մի շարք շրջանների բնակիչների համար։ Պատճառը քաղաքացիության մասին օրենքի նոր վարկածի հետ կապված տեղի ունեցած զանգվածային անկարգություններն են։ Այս մասին հաղորդում է NDTV հեռուստաալիքը։

Տեղեկության համաձայն՝ սահմանափակումները վերաբերել են Ուտար Փրադեշ, Աիևմտյան Բենգալիա, Ասամ նահանգներին, ինչպես նաև Ազգային մակրաքաղաքային Դելի օկրուգին, որտեղ արդեն մի քանի օր շարունակվում են զանգվածային բողոքները, որոնք նախօրեի գիշերը վերածվել են ոստիկանության հետ բախումների։ Ինչպես տեղեկացվել էր ավելի վաղ, այդ անկարգությունների ժամանակ տուժել է մոտ 60 մարդ, այդ թվում իրավապահ մարմինների աշխատակիցներ։ Ցույցերի ժամանակ կալանավորվել է 100 ուսանող, նրանց մեծ մասը ազատ է արձակվել։

Քաղաքացիության մասին օրենքի սկանդալային փոփոխությունները, որ պաշտոնապես ուժի մեջ են մտել անցած շաբաթվա վերջին, նախատեսում են հնդկական քաղաքացիության պարզեցված տրամադրում հարևան Հարավային Ասիայի երկրների (Աֆղանստան, Պակիստան և Բանգլադեշ) ոչ մուսուլմանների համար, եթե նրանք հայրենիքում ճնշումների են ենթարկվել։

Օրենքը առաջ է բերել հնդիկ մուսուլմանների դժգոհությունը, որոնք կարծում են, որ փոփոխությունները խախտում են սահմանադրությունը, քանի որ ճնշում են պաշտոնապես աշխարհիկ երկրի քաղաքացիների մի մասին կրոնական հատկանիշով։ Դժգոհություն են հայտնել նաև երկրի հյուսիսարևելյան նահանգների բնակիչները, որոնք վախենում են, որ այժմ իրենց շրջաններ լեգալ կարող են գալ ու հաստատվել միլիոնավոր բանգլադեշցիներ։ Դա, բողոքների կազմակերպիչների կարծիքով, սպառնում է տեղի բնակչության շահերին։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ