fbpx
Աշխարհ

Հնդկաստանում թունամշուշի պատճառով սահմանափակվել է մեքենաների վարումը

Հնդկաստանի Գերագույն դատարանը պահանջել է հյուսիսային Հարյանա, Ութար-Փրադեշ և Փենջաբ նահանգների կառավարություններից՝ անհապաղ դադարեցնել խոզանների այրումը դաշտերում, որը վերջին շաբաթվա ընթացքում հանգեցրել է օդի չափազանց բարձր աղտոտվածության երկրի մայրաքաղաք Նյու Դելիում։ Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

«Եթե խոզանների այրումը շարունակական բնույթ կրի, ապա այդ շրջանների վարչակազմերի բոլոր անդամները պատասխանատվության կենթարկվեն»,- ասել են Գերագույն դատարանում՝ հավելելով, որ այդ որոշումն ի կատար չածելը սպառնում է հյուսիսային նահանգների իշխանություններին «լրջագույն հետևանքներով»։

Նախօրեին Հնդկաստանի ԶՈւ-ն Նյու Դելիում շինաշխատանքների ժամանակավոր արգելք էր սահմանել՝ միևնույն ժամանակ արգելելով կիրառել դիզելային գեներատորներ՝ էլեկտրաէներգիա ստանալու համար։ Բացի այդ՝ նոյեմբերի 4-15-ը Հնդկաստանի մայրաքաղաքում գործում են սահմանափակումներ մասնավոր մեքենաների վարման համար։ Օրացույցի զույգ օրերին թույլատրվում է վարել միայն զույգ համարանիշերով մեքենաներ, համապատասխանաբար՝ կենտ օրերին՝ կենտ համարանիշերով։

Բացառություններ կան միայն կանանց համար, որոնք միայնակ են երթևեկում, ինչպես նաև այն մեքենաների համար, որոնք երեխաներին տանում են դպրոցներ ու հետ բերում այնտեղից։

Քաղաքի իշխանությունները չեն բացառում, որ այս սահմանափակումները կարող են երկարացվել նաև նոյեմբերի 15-ից հետո։

Նոյեմբեր ամսին մթնոլորտի որակը Նյու Դելիում, որն առանց այդ էլ աշխարհի ամենակեղտոտ մայրաքաղաքներից մեկն է, կտրուկ վատանում է։ Օդում օր օրի ավելի է աճում 2.5 մկմ տրամագծով (PM2,5) մանր դիսպերսիոն մասնիկների խտությունը։ Որպես հիմնական պատճառ՝ նշվում է այն, որ աշնանը գյուղացիներն սկսում են այրել խոզանները Նյու Դելիի մերձակա և հարևան նահանգների հնձված դաշտերում, ու այդ ծուխը առաջացնում է օդի չափազանց մեծ աղտոտվածություն քաղաքում՝ այն ծածկելով անթափանց թունամշուշով։

Հիշեցնենք, որ օրերս օդի որակի ինդեքսը (AQI) Հնդկաստանի մայրաքաղաքում անհնար է եղել չափել, քանի որ փողոցներում տեղադրված եռանիշ գրանցասարքերը խցանվել ու մնացել էին 999 ցուցանիշի վրա (0-50 նորմի պարագայում)։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ