fbpx
Կրթություն

Ամենակարևորը հնի ու նորի առողջ համադրումն է․ «Տարվա լավագույնները» մրցույթի ևս մեկ հաղթող է հայտնի

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարի առաջին անգամ անցկացրել է «Տարվա լավագույնները» մրցույթը, որի նպատակն է խրախուսել առարկայական խորը պատրաստվածություն ունեցող, ստեղծագործական աշխատանք կատարող մանկավարժներին, տարածել նրանց մասնագիտական և մանկավարժական առաջավոր փորձը, ինչպես նաև նպաստել հասարակության շրջանում ուսուցչի հեղինակության բարձրացմանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

Մրցույթին ուսուցիչներն ու մանկավարժական խմբերը ներկայացրել են ինչպես անհատական, այնպես էլ համատեղ ծրագրեր: Խմբային հայտ են ներկայացրել ինչպես միևնույն, այնպես էլ տարբեր ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ։ Որպես խրախուսական նվեր՝ ԿԳՄՍ նախարարությունը հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով և դյուրակիր համակարգիչներով:

Վանաձորի թիվ մեկ հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Լուսինե Կոստանյանը մրցույթին ներկայացրել է «Մեդիաիմացությունը և գրականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ» նախագիծը, որը «Հանրակրթական ուսումնական հաստատության ուսումնաօժանդակ գործունեության լավագույն ծրագիր» անվանակարգի հաղթող նախագծերից մեկն է: Ծրագրի իրականացման միտքը Լուսինեն հղացել է «Մեդիա» նախաձեռնությունների կենտրոնի կազմակերպած «Մեդիագրագիտության ամառային դպրոց՝ ուսուցիչների համար» վերապատրաստման դասընթացին մասնակցելուց հետո:Ամենակ

«Հետագայում մտահղացման իրագործմանը նպաստեցին նաև համավարակը և պատերազմը՝ էլ ավելի թափանցիկ դարձնելով այն բացը, որն առկա է մեդիադաշտում՝ մեդիաիմացության տեսանկյունից, և որի պակասը զգալի է մեր հասարակության մեջ: Այդ կարևոր բացն էլ պետք է լրացնել դպրոցում, որտեղ սովորողները ձեռք են բերում ոչ միայն առարկայական գիտելիքներ, այլև կարողություններ, հմտություններ, ձևավորվում է նրանց արժեքային համակարգը»,- ասում է Լուսինեն՝ ընդգծելով, որ արդյունավետ դպրոց ունենալու համար հարկավոր է ներմուծել և կիրառել նորը՝ հենվելով ավանդական դպրոցի որոշ սկզբունքների վրա:

«Հնի ու նորի առողջ, արդյունավետ համադրում. այսօր սա է ամենակարևորը, որը, սակայն, ամենից շատ է պակասում մեր կրթական համակարգում: Այդ նպատակով նախաձեռնեցի «Մեդիաիմացությունը և գրականությունը՝ նորարարական տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ» նախագիծը, որի նպատակն է բարձրացնել մեդիագրագիտության վերաբերյալ աշակերտների գիտելիքները և դրանք առավել ամրապնդել դաս-քննարկումների կամ միջոցառումների ընթացքում: Ծրագիրը հետապնդում է երեք նպատակ՝ հոգեբանական, սոցիալական և կրթական: Որպես հոգեբանական գործոն՝ կարևորվում են ժողովրդավարությունը, վստահությունը և սահուն ինտեգրումը հասարակությանը: Սոցիալական նպատակը ներառում է՝ շփման էթիկա, գրելուց, խոսելուց առաջ մտածել, չծիծաղել ուրիշի սխալների վրա, գրագետ բանավիճել: Կրթական բաղադրիչն աշակերտների շրջանում զարգացնում է քննադատական մտածողությունը, մեդիաիմացությունը, խոսքի ազատությունը, մեդիայի հնարավորությունների ճիշտ օգտագործումը և իրավունքների իմացությունը»,- իր նախագծի մասին պատմում է Լուսինեն:

Նրա խոսքով՝ ծրագրի արդյունքում սովորողները կկարողանան ուսումնական գործընթացում արդյունավետ կիրառել ՏՀՏ գործիքները և էլեկտրոնային կրթական ռեսուրսները՝ բազմազան ու բազմաթիվ մուլտիմեդիա ու առցանց ուսումնական ռեսուրսները, ինչպես նաև ուսուցման նոր մեթոդների և տեխնոլոգիաների արդյունավետ կիրառումը համակցել ուսուցման ավանդական մեթոդների հետ: Ըստ Լուսինեի՝ հաշվի առնելով, որ մեդիաիմացությունը չի սահմանափակվում միայն կեղծ և հավաստի լուրերը տարբերակելով կամ համացանցային էթիկայով, ծրագրի շարունակականության ապահովման համար կարելի է նույն հաջողությամբ ընդգրկել նաև մեդիագրագիտության տարաբնույթ թեմաներ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ