Մշակույթ
03:00 22/11/2019

Հոբելյանական համերգներ՝ նվիրված կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ տեղի կունենան հոբելյանական համերգներ՝ նվիրված ՀՀ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի ծննդյան 80-ամյակին:

Նոյեմբերի 23-ին, ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա «Այստեղ Հայաստանն է» խորագիրը կրող համերգը: Հանդես կգան Արցախի պետական ջազ նվագախումբը և Արցախի պետական երգչախումբը, ինչպես նաև Ստեփանակերտի Սայաթ Նովայի անվան երաժշտական ուսումնարանին կից վարժարանի «Ծիածան» մանկական երգչախմբի մենակատարները: Կհնչեն ամիրխանյանական սիրված մեղեդիներ, այդ թվում՝ «Ժպտա», «Այնպես ուզում եմ», «Կարմիր ծաղիկ մը գարունի», «Քեզ հետ, իմ սեր», «Երազի իմ երկիր», «Հայի աչքեր», «Պույպույ մկնիկ» և այլ ստեղծագործություններ:

Բոլոր ստեղծագործությունները Ռոբերտ Ամիրխանյանի նոր երանգավորմամբ ջազ նվագախմբի և երգչախմբի համար կհնչեն առաջին անգամ:

Նոյեմբերի 25-ին, ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Տարիների սիրված մեղեդիներ» խորագրով երեկոն, որին բացի կոմպոզիտորից հանդես կգա նաև կոնտրալտո Սեդա Ամիր-Կարայանը (Գերմանիա):

Կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը ծնվել է 1939 թ. Երևանում։ Ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Էդուարդ Միրզոյանի դասարանը: Եղել է Հայկական ռադիոյի երաժշտական խմբագիրը: 1984 թվականին նրան շնորհվել է Հայաստանի վաստակավոր արտիստի, իսկ 1986 թվականին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչումները: Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր է: 1991-2013 թթ. եղել է Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահը: Հեղինակել է ավելի քան 300 երգ, վոկալ շարքեր, օպերետներ («Ատամնաբույժն արևելյան»), երաժշտություն է գրել 16 խաղարկային և շուրջ 30 մուլտիպլիկացիոն ֆիլմերի համար: Հեղինակել է այնպիսի հայտնի և սիրված երգերի երաժշտություններ, ինչպիսիք են օրինակ` «Հայի աչեր», «Հայրենի երկիր» և այլն: 1998 թվականին պարգևատրվել է ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: 2012 թվականին «Երևանյան ռապսոդիա» ստեղծագործության համար արժանացել է ՀՀ Պետական մրցանակի:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

Վերեվ
COVID-19. թարմացումներ