Հովհաննես Թումանյանի և կնոջ՝ Օլգա Մաճկալյանի ծանոթության պատմությունը

Ամենադիտվածներ

Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան օրվա առթիվ «Հովհաննես Թումանյան -150» ֆեյսբուքյան էջն անդրադառնում է նրա կյանքին ու ստեղծագործությանը, հրապարակում հուշեր, պատառիկներ նրա կյանքից: Թումանյանի կնոջ՝ Օլգա Մաճկալյանի հուշերից ներկայացվել է նրանց ծանոթության պատմությունը.

«1888 թվականին, տասնինը տարեկանում, Թումանյանն ամուսնանում է տասնյոթամյա Օլգա Մաճկալյանի հետ:

#Ծանոթություն

«1888 թ. հունվարի 1-ին առավոտյան մայրս մեր խոհանոցում մի ծիտ է տեսնում, բռնում է ու բերում սենյակ: Ծիտը դրինք վանդակում: Մայրս ասաց, որ դա լավ նշան է, Նոր տարվա բերած բախտը:

Երեկոյան Օհանեսը եկավ մեր տուն Նոր տարին շնորհավորելու: Մայրս ընդունեց նրան, բերեց սեղանատուն, սկսեցինք զրուցել:

Օհանեսը հարցրեց.

-Էդ ի՞նչ ծիտ եք բռնել, տեսնենք ի՞նչ թռչուն է:

Մայրս ցույց տվեց: Օհանեսը մի երկու ժամ նստեց, խոսեցինք դեսից-դենից ու գնաց:

Մի քանի ժամանակ անց մայրս ասաց, որ ուզում են մեզ նշանել:

… Երկու ամսից մեզ նշանեցին: Հայրը` Տեր-Թադևոսը, եկավ գյուղից մի քահանայի և մի վարդապետի հետ: Մեզ մոտ էլ երկու քահանա կային, էնպես որ չորս քահանա և մի վարդապետ մեզ նշանեցին` 1888 թ. մարտի 24-ին:

Նշանվելուց հետո Օհանեսը համարյա ամեն օր մեզ մոտ էր լինում ճաշերին և գնում էր ուշ երեկոյան: Մի օր Զատկին եկավ, ինձ համար մի զույգ գեղեցիկ կոշիկներ բերեց, նոր ձևի:
Կոշիկներից հետո առաջին նվերը, որ ստացել եմ իմ նշանածից, Հոմերոսի «Իլիականն» ու «Ոդիսականն» էին և «Վերք Հայաստանին»:

Ամենաթարմ