fbpx
Սպորտ

Հովիկ Խալիկյանն առաջարկում է փոփոխել շախմատի կանոնները

Ձեզ ենք ներկայացնում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի խորհրդի անդամ, ՀՀ վաստակավոր մարզիչ Հովիկ Խալիկյանի հոդվածը, որը հրապարակել է ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

«Լիդերը կյանքի ճանապարհին ժողովրդից սերված և ժողովուրդներին ուղղորդող ընտրյալ է, իսկ «շախմատը»՝ այժմ արդեն «լիդեր» խաղը հավակնում է դառնալ նրան կերտող գործիքներից մեկը:

Լիդեր

Շախմատ – թարգմանությամբ շահին մահ, մահ արքային, մահ փարավոնին, մահ միապետին: Երկար տարիներ Իրանում և Չինաստանում այս խաղը արգելված էր, հիմքում այն գաղափարը, որ արքային սպանել չի կարելի, զինվորը իրավունք չունի հարձակվել արքայի վրա, առավել ևս դառնալ թագուհի: Խաղ, որտեղ մտքում ծնվում և մշակվում են հաղթանակի հասնելու գաղափարներ, որոնք իրագործվում են խաղատախտակի վրա, իրականության մեջ: Խաղ, որ դարեր շարունակ մարդկանց մտքերը մարզել և ուղղորդել է պայքարի դուրս գալ ոչ միայն արտաքին թշնամիների, այլ նաև հանուն ներքին ազատության:

Տարիներ շարունակ մարդկանց հուզել է, թե ինչ է շախմատը՝ սպո՞րտ, արվե՞ստ, գիտությու՞ն: Ես կավելացնեի պայքարի քողարկված մեթոդաբանություն դարեր շարունակ ընթացող ժողովրդավարության ճանապարհին: Շախմատը նաև հոգևոր դաստիարակություն է տալիս, ուր կա ծնունդ (խաղի սկիզբ), մահ (խաղի ավարտ) և հավերժություն, երբ ֆիգուրներն ու զինվորները պահվում են նույն արկղում մինչև նոր խաղ: Եթե մարդկանց գործունեությունը ղեկավարվում է աստվածների կողմից, ֆիգուրների գործողությունները կառավարվում են մարդկանց կողմից՝ փայլուն կերպով ներդաշնակելով բանականության և նյութականի կապը:

Շախմատը սոցիալական խաղ է և այն իր վճռորոշ դերը դարերի խորքից կատարել է ժողովրդավարության ճանապարհին և այժմ արդեն քանի որ աշխարհի պետությունները հիմնականում ընթանում են ժողովրդավարական ճանապարհով, շախմատը այլևս կատարել է իր խնդիրը և մտավոր զարգացման բնագավառում աշխարհում տիրող նոր իրավիճակին համահունչ նոր փոփոխությունների կարիք է զգացվում, այժմ արդեն աշխարհում շատ պահանջված է լիդերի՝ առաջնորդի դերը և շախմատը իրավամբ կարող է այդ դիսցիպլինի հայտնաբերման և զարգացման գործում լուրջ դեր խաղալ:

Լիդերը իր մտավոր և ֆիզիկական պոտենցիալով, նպատակասլացությամբ, հավատով, արժեհամակարգով, մարդկության նկատմամբ վերաբերմունքով, ժամանակի և կեղծի զգացողությամբ, համարձակությամբ և սառը դատողությամբ պետք է էապես առանձնանա, որպեսզի դառնա ընկալելի և ընդունելի: Նա պետք է պատրաստ լինի կանգնել ընտանիքի, հայրենիքի, համամարդկային արժեքների պաշտպանության առաջնագծում: Շախմատը վերոհիշյալ արժեքների դաստիարակության գործում կորցրել է իր արդիականությունը: Խաղ, ուր արքան, որի գոյությամբ է համեմված խաղի իմաստը, հանուն որի անվտանգության կոտորվում են զինվորից թագուհի, որը միաժամանակ իննը թագուհի կարող է ունենալ, մի խղճուկ, հազիվ տեղաշարժվող, աչքը վախեցած թիրախ է և ունակ չէ նպաստելու զարգացումներին ողջ խաղի ընթացքում, չգիտես ինչու արքա է կոչվում և այլևս չի համապատասխանում ժամանակակից արժեհամակարգի մարտահրավերներն:

Առաջարկում եմ, որ արքան քայլի նաև ձիու նման(արքան՝ լիդերը պետք է տիրապետի ժամանակակից բոլոր հնարքներին), հանել փոխատեղության կանոնները (Երկու ֆիգուրով 1 քայլի անհրաժեշտությունը վերանում է) և վերացնել պատ հասկացությունը: Մատը (մահը) միայն ավարտի խորհրդանիշը չէ, այն նաև անմահություն է, կարծում եմ հաղթանակի համար բավարար է անելանելի վիճակը: Խաղն ավարտվում է, երբ կողմերից մեկը այլևս զրկված է կանոնների սահմանում հերթական քայլ կատարելու հնարավորությունից: Շախմատի մնացած կանոնները մնում են անփոփոխ:

Խաղը նման կանոններով արդիական հմայք է ձեռք բերում, վերականգնվում է իրականության զգացողությունը, ի չիք են դառնում կեղծ արժեքները, տրամաբանության, մտածելակերպի, անալիտիկ ունակությունների դրսևորումները իրատեսական հենքի վրա են զարգանում: Մի խոսքով արքան դառնում է արքա, թագուհին՝ թագուհի, զինվորը՝ զինվոր:

Ի վերջո արքան փոխարինվում է լիդերով, որը ոչ միայն ժողովրդավարության անհրաժեշտ և բավարար բարձրագույն արժեք է, այլ նաև կրոնական: Ես կարծում եմ, որ Աստվածաշնչում բնագրից ճիշտ չի թարգմանված այն գաղափարը, ուր ասվում է, որ հնազանդ եղեք իշխանություններին, ես կարծում եմ, որ աստվածային պատգամը պետք է լինի հնազանդ եղեք առաջնորդներին ի վկայություն մեր տեր աստված ժողովրդի առաջնորդ Քրիստոսի, որն իր ունակություններով և գաղափարներով մեզանից մեկն էր, նաև որի մեջ յուրաքանչյուրս մեզ ենք փնտրում և գտնում և որպես հոգևոր առաջնորդի և որպես առ աստված փրկության լույս կյանքի և մահու ճանապարհին:

Վերոհիշյալ չնչին փոփոխություններով խաղը դառնում է առավել հետաքրքիր, իրականությանը համահունչ, ավելի կիրառական և պահանջված մտավոր ունակությունների բազմակողմանի դաստիարակության բնագավառում, վերանում են անհրապույր ոչ-ոքիները, խաղը պահպանում է իր հետաքրքրությունը բոլոր փուլերում: Նույնիսկ երբ խաղատախտակին մնում են միայն արքաները, խաղը շարունակում է պահպանել իր հմայքը, պայքարի ոգին», – ասված է հոդվածում:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ