fbpx
Իրավական

ՀՔԾ-ի կատարած խուզարկությամբ Հրայր Թովմասյանի տանը ոչինչ չի հայտնաբերվել․ պաշտպան

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի բնակարանում ՀՔԾ-ի կատարած խուզարկությամբ ոչինչ չի հայտնաբերվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Թովմասյանի պաշտպաններից Ամրամ Մակինյանը:

«Փնտրում էին փաստաթղթեր, որոնք չէին կարող լինել իրականության մեջ, այդ տրամաբանությամբ նաև չեն հայտնաբերվել»,-ասաց փաստաբանը՝ հավելելով նաև, որ այս պահին բնակարանում քննիչներ չկան:

Անդրադառնալով ՀՔԾ-ի կողմից բնակարանի խուզարկության թույլտվությունը փաստաբաններին չտրամադրելուն՝ Մակինյանն ասաց, թե որոշումն իրեն տրամադրվել է, չէր տրամադրվել մյուս պաշտպան Միհրան Պողոսյանին, և մինչև վերջ չի ծանոթացել Հրայր Թովմասյանը:

«Վերջինս խնդրեց տրամադրել որոշումը, չտրամադրվեց, ընթերցվեց քննիչի հայեցողությամբ՝ հատվածական: Իսկ ծանոթանալը չի ենթադրում, որ քննիչն ընթերցի, մենք լսենք: Կա դատավարական կարգ՝ փաստաթուղթը օրենքով սահմանված կարգով չեն տրամադրվել Թովմասյանին, Պողոսյանին»:

Հարցին՝ դատարանի որոշման հիմնավորումներն ընդունելի՞ են փաստաբանների համար, Մակինյանն արձագանքեց, թե հիմնավորումները որոշմամբ երևալ չեն կարող. «Կարող են երևալ դատական գործում: Դատարանի որոշմամբ երևում է միայն, որ կա խուզարկության թույլտվություն»,-նշեց նա՝ ընդգծելով, որ անպայման բողոքարկելու են թե՛ քննիչի գործողությունները, թե՛ դատարանի որոշումը, որը կայացրել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը:

Մակինյանը հայտնեց նաև, որ տեսանկարահանել է խուզարկության ընթացքը: «Քանի որ քննիչն ակնհայտ ապօրինի գործողություններ էր կատարում, պաշտպանության, իրավունքի արդյունավետ իրացման համար իրականացրել եմ նկարահանում՝ նաև հանրությանը ցույց տալու համար, թե ինչպես է իրականացվում ՀՀ ՍԴ նախագահի բնակարանում խուզարկության բուն ընթացքը»,-ասաց փաստաբանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ