fbpx
Ընտրանի

Հոկտեմբերի 19-ի «հրադադարի առաջարկի» թմբկահարումը հարվածում է պետականությանը

pashinyan putin aliyev

Հոկտեմբերի 19-ին կուլիսներում առաջարկված հրադադարի մասին տեղեկությունները շարունակաբար թմբկահարվում են տարբեր նախկին բարձրաստիճանների կողմից։ Լրատվականները շարունակում են ագահաբար գրի առնել և լցնել այդ տեղեկատվությունը լրահոսերում։ Բնականաբար դիտավորություն կա։ Դիտավորության մոտիվացիան քաղաքական դիվիդենտներ շահելն է ընտրական գործընթացներում՝ նսեմացնելով իշխանական թևին, որպեսզի հակառակորդներն ավելի բարձր երևան։ Սակայն, այս ամենից վնասվում է կարևորագույնը՝ պետականությունը։

Գաղտնիք չէ, որ պատերազմի օրերին տարբեր քաղաքական շրջանակներ իրենց հետևորդների հետ միասին խույս տվեցին ծառայությունից, մարտադաշտից, գնացողներն էլ լքեցին իրենց վստահված դիրքերը։ Նրանց գործունեությունը այդ օրերին էլ նվիրված էր քարոզչական թեզերի գեներացիային և ընդդեմ իշխանությունների հայտարարություններին։ Միգուցե այդ շրջանակներին թվում էր, թե այդ թեզերը գնալու են և հարվածեն իրենց քաղաքական օպոնենտին՝ Փաշինյանին, սակայն առաջին հերթին դրանք միարժեքորեն աշխատել են պետականության դեմ։ Գիտակցումի բացակայությունը կամ դիտավորությունը մեծ վնասներ է հասցրել երկրին։ Խոսքն ամենևին քննադատությունների մասին չէ, որոնք լսելով կարելի է քայլեր իրականացնել ի օգուտ հանրապետության, այլ չարակամ պրոպագանդայի, որը սահմաններ չի ճանաչում՝ անցնելով բոլոր սրբությունների վրայով և փորձելով խեղաթյուրել անկայուն իրականությունը, որում հայտնվել ենք ազգովի։

Իսկ ի՞նչ է տալիս «պրոպագանդային» անդադար հիշատակել հոկտեմբերի 19-ի, այսպես ասած հրադադարի կուլիսային առաջարկը, որ արվել էր Պուտինի և Իլհամի կողմից։ Հարցը քննարկվել է ԱԽ նիստում, ըստ ամենայնի, նաև արտախորհրդարանական ուժերին էր ներկայացվել։ Հիմք ընդունելով դրանք, պրոպագանդան փորձում է կարծիք ձևավորել, թե պետությունը մարդուն որպես արժեք չի ընկալում, երբ ասվում է, որ դրա պարագայում քիչ զոհեր կունենայինք և դրան հետևում է, որ մարդը անվստահությամբ է լցվում պետության հանդեպ։ Իսկ պետության հանդեպ անվստահություն ունենալով, մարդը ոչինչ չի անում օգնելու պետությանը թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ հետպատերազմական ճգնաժամից դուրս գալու համար։ Հետևաբար, անօգնական վիճակը հանգեցնում է պետականության պարալիզացիային՝ փաստի առաջ կանգնեցնելով իշխանությանը, որպեսզի թուլանան և հանձնվեն «պրոպագանդային»։

Բայց արդյո՞ք նման առաջարկ եղել է։ Ավելի ճիշտ՝ այնպիսի առաջարկ, որ առնվազն կապիտուլիացիային համարժեք չլիներ մեր կողմի համար, և ինչին համաձայնելու պարագայում կորուստներ չէինք ունենա դրանից հետո։ Նախ, կասկածելի է այն առումով, որ երկու անգամ՝ հոկտեմբերի 10-ին և 18-ին, եղավ մարդասիրական հրադադարի փորձեր՝ Ռուսաստանի ու Ֆրանսիայի միջնորդությամբ և երկու անգամներն էլ տապալվեցին Ադրբեջանի կողմից՝ հովանավորների դրդմամբ։ Ինչպես նաև երրորդ փորձը, որը հոկտեմբերի 26-ից պետք է ուժի մեջ մտներ, ԱՄՆ միջնորդությամբ, ևս տապալվեց։ Այսինքն, հրադադար ասվածը կարող էր լինել այն դեպքում, երբ Արդբեջանը համաձայնվեր։ Եվ նման փաստաթղթին համաձայնություն տար մեր ժողովրդի, քաղաքական ու հասարակական ուժերի, գործիչների առնվազն մեծամասնությունը։ Այնինչ, իշխանության ցանկացած ետքայլի մասին բարձրաձայնումն արժանանում էր հանրային պարսավանքների կամ ետքայլ չանելու ու հաղթելու մասին կոչերի, որի օրինակը կարող եք տեսնել հետևյալ գրառման մեկնաբանություններում, ինչպես նաև բազմաթիվ հանրային գործիչների, մասնագետների գրառումներով, որոնք արվել են հոկտեմբեր ամսվա ավարտին։ Այսպիսի օրինակներ բազմաթիվ են եղել՝ հատկապես, երբ Փաշինյանը հայտարարեց հայտնի ցավալի զիջումների մասին։ Մինչև դա էլ հայտարարել էր, թե ինչ տակտիկայով է ադրբեջանական կողմը շեղվում հրադադարից և մերժում դիվանագիտական լուծման առաջարկները։

Եկեք չմոռանանք նաև, որ հոկտեմբեր ամսվա նահանջների ընթացքում ունենում էինք բազմաթիվ հաջողություններ՝ վերացնելով բայրաքթարներ, զինտեխնիկա, օդուժ, ահաբեկչական զորքեր և երբեմն էլ հարավից ետ էինք շպրտում ամբողջ թշնամական ֆրոնտը։ Այսինքն, ընթանում էր մաշեցնող պատերազմ, որի ընթացքում հակառակորդը տասնապատիկ անգամ ավելի շատ կորուսներ էր ունենում։ Պետք էր թիկունքը, դաշնակիցները ամուր կանգնեին զինվորականության ու ղեկավարության կողքին։

Այս ամենից կարելի է եզրակացնել, որ «պրոպագանդան» ամեն կերպ մոռացության է մատնում իրենց դիրքորոշումները, գործելաոճը, հայտարարությունները ու գործողությունները, և սեղանին է դնում ոչ թե իշխանության սխալներն ու վրիպումները, ինչի համար իրենք այսպես թե այնպես կրելու են պատասխանատվություն, այլ հարվածում է պետականության հիմքերին, որպեսզի հարվածն ուղղվի դեպի իշխանությունը։ Իսկ հասկանալը, որ դա անում են միտումնավոր, թե առանց գիտակցելու մնում է յուրաքանչյուրի խղճին և ընկալմանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ