fbpx
Երևան
15:10 05/02/2020

«Հրապարակ»-ի հերթական ապատեղեկատվությունը․ Հակոբ Կարապետյան

Ամանորի գլխավոր միջոցառումների անցկացման պարտավորությունը դրվեց քաղաքապետարանի վրա. Հակոբ Կարապետյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. «Հրապարակ»-ի հերթական ապատեղեկատվությունը.

«Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում լույս է տեսել «Հայկ Մարությանը մայթերի սալիկապատման փողով ընկերոջ աշխատասենյակն է նորոգում» վերնագրով նյութը, որը, սկսած վերնագրից, պարունակում է ապատեղեկատվություն և փաստերի մանիպուլյացիա:

1. Հոդվածում նշված փաստաթուղթը վերաբերում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի շենքի (թաղապետարանի) ՍԱՆՀԱՆԳՈՒՅՑՆԵՐԻ վերանորոգման աշխատանքների նախագծման մրցույթին: Հայտնում եմ, որ ի հակառակ հոդվածի վերնագրի պնդման, վարչական շրջանի ղեկավարի (թաղապետի) աշխատասենյակի վերանորոգմանը ՈՉ ՄԻ ԴՐԱՄ չի հատկացվելու: Իսկ սանհանգույցների վերանորոգման անհրաժեշտությունը կարող է գնահատել ցանկացած մարդ (այդ թվում՝ լրագրող), որը կմտնի Տերյան-Սայաթ Նովա խաչմերուկի վրա գտնվող թաղապետարանի շենքը: Ընդ որում, քաղաքապետի հունվարի 31-ի կարգադրությունը ոչ թե բյուջեի վերաբաշխում է՝ սալիկապատման փոխարեն վարչական շենքի վերանորոգում, այլև նախագծման մրցույթի (մոտ 350 հազար դրամանոց) հայտի մեջ կատարված տեխնիկական շտկում: Սա՝ ապատեղեկատվության մասով:

2. Բացի դրանից, թերթը ուզում է տպավորություն ստեղծել, թե քաղաքապետարանում փորձել են թաքցնել փաստաթղթի գոյությունը, և միայն իրենց՝ թերթի ջանքերով այն «հայտնաբերվել է»: Մինչդեռ հայտնի է, որ քաղաքապետի անխտիր ԲՈԼՈՐ կարգադրությունները, այդ թվում՝ այս մեկը, ստորագրումից հետո յոթնօրյա ժամկետում հրապարակվում են Yerevan.am պաշտոնական կայքում (հղումները՝ մեկնաբանությունում) և հասանելի են բոլորի համար, և որևէ փաստաթղթի գոյությունը թաքցնելը ոչ միայն իմաստ չունի, այլև անհնար է:

3. Ընդհանրապես, քաղաքի փողոցների սալիկապատման բյուջեն այս տարի աննախադեպ մեծ է՝ 636 միլիոն դրամ, և չլրագրային մանիպուլյացիաները փողոցների բարեկարգման որակի ու ծավալների վրա, ամեն դեպքում, չեն կարող ազդել:

Այսպիսով, առաջարկում եմ հոդվածը մամուլի տեսության բաժնում տարածող լրատվակայքերի գործընկերներին՝ հեռացնել ապատեղեկատվություն պարունակող նյութը կամ ավելացնել իմ այս պարզաբանումը, իսկ «Հրապարակի» գործընկերներին՝ հետագայում զերծ մնալ մատիցծծածո նյութեր արտադրելու գայթակղությունից»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ