fbpx
Երևան

Հրապարակվել է Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը հրապարակելու վերաբերյալ վարչական վարույթով որոշումը

Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կողմից հրապարակվել է Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը հրապարակելու վերաբերյալ վարչական վարույթով որոշումը.

«2019 թ. հունվարի 25-ին «Ինֆորմացիայի ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Շուշան Դոյդոյանը դիմել է ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությանը՝ խնդրելով պարզել, թե արդյոք 2018թ-ի սեպտեմբերից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկն ու պարգևատրումների չափը հրապարակելը հակասում է «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ անձնական տվյալների մշակման սկզբունքներին: Ըսդ ՀԿ-ի նախագահի՝ Երևանի քաղաքապետարանն անձնական տվյալների պաշտպանության պատրվակով միջամտել է Ինֆորմացիայի ազատության կենտրոնի՝ տեղեկություն ստանալու սահմանադրական իրավունքին:

Գործակալությունում հարուցվել է վարչական վարույթ, որի շրջանակներում ուսումնասիրության առարկա են դարձել խնդրի հետ առնչվող օրենսդրությունը, իրականացվել են լսումներ: Ըստ Գործակալության կայացրած որոշման՝ Երեւանի քաղաքապետի պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը Երևանի քաղաքապետարանի կողմից հրապարակելը չի հակասում անձնական տվյալների մշակման օրինականությանը: Միևնույն ժամանակ, Գործակալությունը փաստում է, որ Երևանի քաղաքապետի կողմից չնշանակվող պաշտոնները զբաղեցնող անձանց անձնական տվյալների մշակումը չի համապատասխանում անձնական տվյալների մշակման համաչափության սկզբունքին, քանի որ այդ տվյալները չեն մշակվել օրենքներով սահմանված ձևով, քաղաքապետի կարգադրությունների հավելվածներում ներառվել և արդյունքում նաև հրապարակվել են ավելի մեծ քանակով անձնական տվյալներ, քան սահմանված է օրենքներով, ուստի խախտվել է այն անձանց անձնական տվյալների պաշտպանության իրավունքը, ում պարգևատրելու, հետևաբար նաև պարգևատրման վերաբերյալ արձակած կարգադրության հավելվածում ներառելու իրավասություն Երևանի քաղաքապետը չուներ: Այլ կերպ ասած՝ Գործակալությունը գտնում է, որ քաղաքապետի՝ խնդրո առարկա հանդիսացող կարգադրությունները պետք է հրապարակվեին, սակայն դրանցում ի սկզբանե չպետք է ներառվեին այն անձանց անձնական տվյալները, ում խրախուսելու իրավասություն Երևանի քաղաքապետը չուներ:

Վերոգրյալը հաշվի առնելով՝ Գործակալությունն արձանագրում է, որ բոլոր այն դեպքերում, երբ ոլորտը կարգավորող օրենսդրությունը լռում է աշխատողի անձնական տվյալների փոխանցման մասին, գործատուն պետք է առաջնորդվի ՀՀ աշխատանքային օրենսգրքի կարգավորումներով:

Հաշվի առնելով այն, որ վարույթի շրջանակներում քննարկվող հարցն ունեցել է հանրային որոշակի հնչեղություն՝ Գործակալությունը հարկ է համարում շեշտել, որ սույն որոշումը վերաբերում է Երևանի քաղաքապետի կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը հրապարակելու կամ հարցմամբ դիմողին հարցման հիման վրա դրանք տրամադրելու իրավաչափությանը և չի կարող մեկնաբանվել որպես այլ գործատուների կողմից պարգևատրված աշխատակիցների ցանկը և յուրաքանչյուրին տրված պարգևատրման չափը հրապարակելու վերաբերյալ որոշում: Փոխարենը, գործատուի կողմից աշխատողի անձնական տվյալների մշակման իրավաչափության վերաբերյալ սույն որոշմամբ արտահայտված ընդհանուր դիտարկումները Գործակալության հրապարակած խորհրդատվությունների և ուղեցույցերի հետ մեկտեղ կարող են ուղենիշ հանդիսանալ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում աշխատողի անձնական տվյալների փոխանցման իրավաչափության վերաբերյալ որոշում կայացնելիս:

Մասնավորապես, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կախված գործատուի կարգավիճակից, աշխատողի կարգավիճակից, աշխատողի տվյալները պահանջողի կարգավիճակից կամ փոխանցման դեպքից՝ պետք է վերհանել վերաբերելի օրենսդրությունը և պարզել՝ արդյոք տվյալ դեպքում օրենքով սահմանված է գործատուի իրավունքը կամ պարտականությունը հրապարակելու աշխատողի անձնական տվյալները, թե սահմանված չէ և պետք է առաջնորդվել աշխատողի համաձայնությամբ»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ