fbpx
Իրավական

Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման որոշումը կարող է լինել այսօր

Սահմանադրական դատարանը վաղ առավոտից աշխատակարգային նիստ է սկսել, օրակարգում է նաև Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման նախագիծը, որի վերաբերյալ Հրայր Թովմասյանի հետ որևէ քննարկում չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Նա հայտնեց, որ դեռ օրակարգի այլ հարցերն են քննարկում և ընդմիջումից հետո պարզ կլինի իրենց որոշումն առ այն, թե արդյոք ՍԴ նախագահի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ ԱԺ նախագիծը կընդունվի ՍԴ վարույթ, թե ոչ։

«Ենթադրվում է, որ որոշումն այսօր կլինի, որովհետև օրերով հաշվվող ժամկետ է, հնարավոր է՝ աշխատանքային ժամերից դուրս քննարկումը շարունակվի, եթե որոշման չգնանք»,-ասաց նա:

Լրագրողների հարցին, թե ինչ դիրքորոշում ունեն դատավորները, ՍԴ դատավորն ասաց, որ անգամ եթե դատավորներն այս պահին դիրքորոշում ունենան, իրենք օրենքով չեն կարող հայտնել այն, քանի դեռ վերջնական որոշում չեն կայացրել:

Ալվինա Գյուլումյանն ասաց, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը նիստին չի մասնակցում, ապա ավելացրեց, որ պատճառը չի կարող նշել, թեև, ըստ նրա, Գրիգորյանը ծանուցվել է նիստի մասին:

«Ենթադրելի է, որ ինչպես նախորդ գործերին, այս անգամ ևս նա ուղղակի ցանկություն չունի մասնակցելու առայժմ»,-ասաց նա:

Ալվինա Գյուլումյանը նաև ասաց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ այս նախագծի վերաբերյալ որևէ քննարկում չի եղել:

«Հրայր Թովմասյանն արձակուրդ է ձևակերպել, նա ընդհանրապես դատարան չի գալու: Օրենքը չէր արգելում նրա մասնակցությունը գործի քննությանը, ենթադրում եմ, որ գործի քննության անաչառությունը ապահովելու նպատակով այսօր, եթե չեմ սխալվում նաև վաղը, արձակուրդում կլինի և նիստերը կանցկացվեն առանց նրա մասնակցության»,-ասաց նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ