fbpx
Խորհրդարան
16:30 14/02/2020

Հրայր Թովմասյանը քաղաքականացված մարդ է ոչ քաղաքական մարմնի մեջ․ Ալեն Սիմոնյան

Հակառակ վարկածինել եմ ծանոթ՝ Հարությունյանին սպանել են, որ Մարտի 1-ի համար ցուցմունք չտա․ Ալեն Սիմոնյան

Ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր փորձելու են և փորձում են քողարկված ձևով, ինչպես նաև բացեիբաց սաբոտաժի ենթարկել հանրաքվեի պրոցեսը: Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցներին ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը` անդրադառնալով հանրաքվեի վերաբերյալ «Հանրապետական» կուսակցության հայտարարությանը:

Նա նշեց, որ հայտարարությունից տեղյակ չէ և կարծում է, որ ՀՀԿ-ի խոսքը քաղաքական օրակարգում այդքան էլ կշիռ չունի:

«Այս հայտարարությունը գնահատում եմ որպես ևս մեկ առիթ, դրդապատճառ ակտիվ մասնակցելու հանրաքվեին, ասելու այո: Խնդիրն այն մասին չէ, որ իշխանության ոչ հաճո դատարան գոյություն ունի, այլ խնդիրը խորքային է, խնդիրը կապված է այն բանի հետ, որ Սահմանադրական դատարանը քաղաքականացված է, Հրայր Թովմասյանն անօրինական ձևով է ընտրված, զբաղվում է քաղաքականությամբ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հանրաքվեի թեմայով քննարկումներ են ունեցել ԲՀԿ-ի հետ, Ալեն Սիմոնյանն ասաց, որ իր ունեցած տեղեկություններով՝ որևէ քննարկում չի եղել։

«Ես ենթադրում եմ, որ այն հայտարարությունը, որ հնչել է հեղափոխությունից հետո, կմնա ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի օրակարգում, ըստ որի` ԲՀԿ-ն ՀՀ ժողովրդի հետ է, և որոշումը կկայացվի այդ տրամաբանությունից ելնելով»,-ասաց նա:

Հարցին, թե ինչպես է ստացվում, որ նախկին իշխանության կողմից նշանակված կադրերը շարունակում են աշխատել, օրինակ` գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը, Ալեն Սիմոնյանն ասաց, որ կան նաև բժիշկներ, որոնք աշխատել են հանրապետականների օրոք, դպրոցի տնօրեններ, ոստիկաններ, ունենք լրագրողներ, որոնք աշխատել են ՀՀԿ պատգամավորների հետ:

«Կա զրոյական կետ, մենք ասել ենք, որ վենդետաներ չեն լինելու, և եթե դուք զուգահեռներ եք անցկացնում Հրայր Թովմասյանի և գլխավոր դատախազի միջև, ապա Հրայր Թովմասյանի հետ կապված կա քրեական գործ, Հրայր Թովմասյանը քաղաքականացված մարդ է ոչ քաղաքական մարմնի մեջ, եկեք տարբերենք թացը չորից, հասկանանք ինչի մասին ենք խոսում»,-ասաց նա:

ԱԺ փոխնախագահի խոսքով՝ իրենց քաղաքական ուժն այն եզակի քաղաքական ուժն է, որը հայտարարել է, որ ընդդիմությունն ունեցել է խնդիր ընտրությունների ժամանակ, որովհետև չի կարողացել ապահովել ընտրատեղամասում 2 հազար ներկայացուցիչ, և հեղափոխությունից հետո ԿԸՀ-ն իրականացրել է երկու ընտրություն, որոնք ոչ մի միջազգային ընտրողի և ընտրություններին մասնակցողի մոտ կասկած չի հարուցել:

«Մենք մեր ձայներին տեր ենք կանգնել, այսինքն` ընտրության պրոցեսում նույնիսկ 2017 թվականի ընտրության պարագայում, մենք մեր գրեթե բոլոր ձայները պահպանել ենք, ուզում էր այնտեղ Մուկուչյանը նստած լիներ, ուզում է Հրայր Թովմասյանը նստած լիներ»,-ասաց նա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ