fbpx
Առողջապահություն

Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ. Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում քաղաքացիներին տեղեկացրել է, որ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոններում քաղաքացիներին սպասարկում են արդեն շտապօգնության 2 բրիգադներ:

«Շտապ բժշկական օգնության ծառայությունների որակը համարում եմ կարևորագույնը՝ առողջության առաջնային պահպանության և հանրային անվտանգության տեսանկյունից: Արդեն մի քանի ամիս է, ինչ Հրազդանի և Աբովյանի բժշկական կենտրոնները հնարավորություն ունեն շտապօգնության կանչերը սպասարկել երկու լիարժեք բրիգադներով: Կենտրոնների ղեկավար անձնակազմերը հավաստիացնում են, որ սա նաև աշխատանքի որակի լուրջ փոփոխությունների և դրական տեղաշարժերի է հանգեցնում: Խնդիրը, սակայն, այսքանով կարգավորված չեմ համարում. հարցը նաև առողջապահության նախարարի ուշադրության կենտրոնում է, և ուղիներ ենք փնտրում Չարենցավանի և Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ներում նույնպես գոնե մեկական բրիգադներ ավելացնելու համար:

Մեր քաղաքացիներին ուզում եմ հիշեցնել, որ շտապ բժշկական օգնությունն ԱՆՎՃԱՐ է, և այսօր արդեն յուրաքանչյուր բժշկական կենտրոնում կա ԱՊՊԱ գործակալի պարտավորություններն ստանձնած աշխատակից, ով վթարներից տուժած քաղաքացիներին տեղում տրամադրում է մասնագիտական աջակցություն: Շտապօգնությամբ հիվանդանոց հասցված քաղաքացին ԱԶԱՏՎԱԾ Է որևէ ծառայության համար վճարելու պարտավորությունից, իսկ հետագայում՝ ապահովագրական ընկերությունից գումարը հետ ստանալու գործընթացներից: Բժշկական կենտրոններն իրենք կկարգավորեն հարաբերություններն ապահովագրական ծառայություններ մատուցող ընկերությունների հետ:

Առողջության առաջնային պահպանությունը ռազմավարական խնդիր է, և մենք քայլ առ քայլ գնալու ենք այս խնդիրը լուծելու ճանապարհով»,- գրել է նա:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ