Հրազենի օգտագործմամբ սպանություն Երևանում

Ամենադիտվածներ

Այսօր՝ մարտի 19-ին, հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Արտակարգ իրավիճակների նախարարության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Եկմալյան 1/1 շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ տղամարդու դի կա:

Ոստիկաններն ու քննիչները նշված շենքի 7-րդ հարկի բնակարաններից մեկի մուտքի մոտ հայտնաբերել են նույն շենքի բնակիչ՝ 47-ամյա Արթուր Մարգարյանի դին, ում մարմնի վրա հայտնաբերվել է հրազենից արձակված հետք: Իսկ նշված հարկում հայտնաբերվել են ինքնաձիգից արձակված մեծ թվով պարկուճներ, և կրակոցի արդյունքում վնասվել է նաև տան դուռը: Դեպքի վայր են ժամանել նաև ԱԻՆ ՓԾ հոգեբանական աջակցության բաժնի խումբը, հոգեբան Հուսիկ Խանումյանի գլխավորությամբ: Վերջիններս հոգեբանական օգնություն են ցուցաբերել սպանվածի տան անդամներին, այդ թվում՝ անչափահաս երեխաներին: Տեղում աշխատել են նաև ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված սպանությունը կատարելու կասկածանքով տաք հետքերով Կենտրոնի ոստիկաններն ու քննիչները ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչ՝ 35-ամյա Գոռ Տեր-Եսայանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վերջինս նախկինում աշխատել է ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (ժողովրդին հայտնի 6-րդ գլխավոր վարչությունում), և նա հայտնի փաստաբան, երջանկահիշատակ Տիգրան Տեր-Եսայանի եղբոր տղան է։

Փաստի առթիվ Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Հ. Խեդոյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ, որի ղեկավար է նշանակվել հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Հ. Արսենյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հրազենը:

Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր է ժամանել նաև Կենտրոն Նորք մարաշ վարչական շրջանների դատախազը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ սպանություն կատարողը սպանվածի փեսան է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուրը` shamshyan.com:

Ամենաթարմ