fbpx
Արցախ

Հրաժարական է տվել Արցախի պետնախարարը

Արցախի Հանրապետության պետական նախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 1-ից վայր է դնում իր լիազորությունները։

Այս մասին նա տեղեկացրել է Facebook-ի իր էջում։

Նա նշել է, որ պաշտոնից հեռանալու որոշումը կայացրել է դեռևս 2020 թվականին, սակայն պատուհասած պատերազմը և հետպատերազմյան ճգնաժամային իրավիճակում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրները ստիպել են հետաձգել որոշումը:

«Պաշտոնավարման ողջ ընթացքում՝ մեր երկրի համար չափազանց ծանր փորձությունների ժամանակաշրջանում, փորձել եմ անել հնարավորը՝ ինձ վստահված ոլորտում մարտահրավերներին դիմակայելու և առանցքային խնդիրները լուծելու ուղղությամբ` ի նպաստ մեր երկրի ապագայի», – գրել է Մարտիրոսյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ բարձր վստահության և համատեղ աշխատանքի համար, իր բոլոր գործընկերներին՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, ում հետ աշխատելու բախտ է վիճակվել, պետական նախարարի աշխատակազմի և ֆինանսների նախարարության ողջ անձնակազմին՝ նվիրումի, բարձր արհեստավարժության և արդյունավետ աշխատանքի համար:

«Շարունակելու եմ ծառայել Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ անկախ հետագա իմ գործունեության ոլորտից:

Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, կայունություն, արագ ապաքինում և հետագա զարգացում:
Խոնարհվում եմ նահատակված մեր հերոսների անմար հիշատակի առջև։

Աստված պահապան մեր ժողովրդին», – ավարտել է խոսքը Մարտիրոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ