fbpx
Կառավարություն

Հրդեհների թիվը 55.2%-ով ավելացել է՝ նախորդ տարվա համեմատ․ Ֆելիքս Ցոլակյան

ԱԻՆ-ի ֆինանսական ծախսերը 2019 թվականի համեմատ 2020 թվականին ավելացվել է 2․7 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է պարգևատրման ֆոնդի և աշխատավարձերի ավելացման հետ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ ամփոփելով 2019 թվականը։

Նախարարը ներկայացրեց, որ օպտիմալացման արդյունքում այնպես են աշխատել, որ կրճատումներ չլինեն։

«Փրկարար ծառայությունում հաստիքների կրճատում ընդհանրապես չի լինելու, այստեղ պաշտոնական հաստիքների կրճատում է լինելու, կենտրոնական ապարատում եղած շատ հաստիքներ գնացել են դեպի ներքևի օղակներ։ Օպտիմալացման արդյունքում մենք փորձել ենք ուժեղացնել այն ստորաբաժանումները, որոնք անմիջական աշխատանքի, բնակչության հետ շփման մեջ են»,-ասաց նա՝ հավելելով, որ արդեն մեկ ՊՈԱԿ է փակվել։

Նախարարի փոխանցմամբ՝ նախորդ տարում պատահարների թիվը մեծ է եղել, համեմատելով 2018 թվականի հետ՝ 2019 թվականում հրդեհների թիվը 55․2 տոկոսով ավելացել է, այլ արտակարգ իրավիճակների դեպքում ևս՝ պայթյուն, փլուզում և այլն աճ է գրանցվել, սակայն իր գնահատմամբ՝ փրկարարները պատվով են կատարել իրենց աշխատանքը։

«Հրդեհներ են գրանցվել նաև ձմռանը։ Բարձր խոտերը, որոնք չեն հնձվել, այրվում են և այն հասնում է մինչև անտառներ։ Մենք անտառներով հարուստ չենք, և եթե դրանք կորցնենք, կնշանակի, որ շատ բան ենք կորցնում։ Նկատել եք՝ մենք անընդհատ հաղորդագրություններ էինք ուղարկում և մարդկանց զգուշացնում։ Նույնիսկ մի դեպք եղավ, երբ սկսեցին մեզ ծաղրել, թե ձմեռվա կեսին ԱԻՆ-ը հրդեհներից պաշտպանվելու հաղորդագրություն է ուղարկել։ Այո, հենց ձմեռվա ընթացքում շատ անտառային հրդեհներ ենք ունեցել»,- նշեց նախարարը։

Խոսելով բարեփոխումների մասին՝ նախարարը նշեց, որ 2019 թվականին նախարարությունը կապիտալ շինարարություններ է իրականացրել, և դրա հետ մեկ տեղ Ճապոնիայի կառավարությունից 2019 թվականին նախարարությունը 10 ամենագնաց մեքենա է ստացել, որից հետո հրշեջ մեքենաների թիվը մոտ երկու տասնյակով ավելացվել է, որոնցից երեքը տրամադրվել են մարզերին։

Ֆելիքս Ցոլակյանը նաև նշեց, որ ԱԻՆ-ում դրամական խրախուսման ավելացում է սպասվում, սակայն անցյալ տարի խրախուսման ֆոնդը ավելի հավասարաչափ է տրամադրվել, որի կարգավորման համար բալային համակարգ է մշակվում։ Սրանով դրամական օգնություն կստանան լավ աշխատողները։

«Բալային համակարգն ստեղծել ենք, որպեսզի կարողանանք տարանջատել աշխատողին չաշխատողից։ Այնպես էր ստացվել, որ մենք աշխատողներից 30 տոկոսին բարձր աշխատավարձ էինք տալիս, բայց մի մասը աշխատում էր, մի մասը՝ոչ»,-մանրամասնեց Ցոլակյանը՝ հավելելով, որ բալային համակարգի մասին կարող է ավելի մանրամասն ներկայացնել, երբ այն ամբողջությամբ պատրաստ կլինի։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ