fbpx
ՏՏ

10:30 27/7/2019

Huawei-ի աննախադեպ աճը․ ընկերությունը ներկայացրել է 5G ծածկույթով իր առաջին սմարթֆոնը

Ուրբաթ Huawei հեռահաղորդակցման չինական ընկերությունը ներկայացրել է 5G ծածկույթով իր առաջին սմարթֆոնը: Այն կոմերցիոն նպատակների համար է նախատեսված։ Այս մասին հաղորդում է Xinhua գործակալությունը։

Ինչպես հայտնել է Huawei բջջային հեռախոսների դեպարտամենտի ղեկավար Հե Գանը, Huawei Mate 20x (5G) սմարթֆոնը ստացել է աշխարհում առաջին լիցանզիան 5G կապ ունենալու համար:

Ուրբաթ Huawei-ը սկսել է հայտադիմումներ ընդունել հեռախոսը ձեռքբերելու համար: Վաճառքները պաշտոնապես նախատեսվում է սկսել օգոստոսի 16-ին: Մեկնարկային գինը կկազմի 6199 յուան (շուրջ 898 դոլար):

Նշենք, որ չինական կորպորացիան հայտնվել էր միջազգային տնտեսական պատժամիջոցների սպառնալիքի ներքո, երբ ԱՄՆ-ը և Ավստրալիան մեղադրել էին նրան տեխնիկական լրտեսության և գաղտնի տվյալներ հավաքագրելու մեջ։ Պատժամիջոցները հանգեցրել էին ընկերության վրա միջազգային ճնշումների ավելացմանը: Մայիսի 15-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրաման էր ստորագրել, որով հայտարարել էր արտակարգ դրության ռեժիմ արտաքին սպառնալիքներից Միացյալ Նահանգների տեղեկատվական և հաղորդակցական ենթակառուցվածքները պաշտպանելու համար: ԱՄՆ Առևտրի նախարարությունը մայիսի 17-ին Huawei չինական կորպորացիան ներառել էր սև ցուցակում ազգային անվտանգության նկատմամբ վտանգ ներկայացնելու համար:

Այդուհանդերձ Օսակայում կայացած G20-ի գագաթնաժողովի ընթացքում ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ թույլ կտա Huawei-ին ձեռք բերել ամերիկյան ապրանքներ: Թրամփը նշել է, որ այդ խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ էր արվել ազգային անվտանգությունն ապահովելու խնդրին, և խոստացել, որ սև ցուցակից ընկերությունը հանելու հարցը կքննարկվի առաջիկա օրերին: Սպիտակ տանը պարզաբանել են, որ պատժամիջոցները չեղարկելու հարցը չի նշանակում ամբողջական համաներում:

Վերեվ