Օգոստոսի 10-ից Հունաստանում 40 հրդեհ է բռնկվել, որոնցից մի քանիսը դեռ չի հաջողվել մարել։ Անտառային հրդեհները տարածվել են Աթենքի հյուսիսում, կրակի բոցերի բարձրությունը հասնում է 25 մետրի։ Այդ մասին տեղեկացնում է BBC-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Վառնավաս քաղաքում այրվում են տներ։ Հրշեջները տարհանել են մարդկանց, որոնք մեքենաներով փորձել էին փախչել հրդեհներից, սակայն հայտնվել էին ծուղակում։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է ավելի քան 500 հրշեջ և 150 միավոր տեխնիկա։
Կրակը տարածվում է դեպի Աթենքի հյուսիս-արևելքում գտնվող Պենտելի գյուղը, որտեղ առնվազն 3 հիվանդանոցից մարդկանց տարհանել են։
Պատմական Մարաթոն քաղաքի բնակիչներին նույնպես տարհանվելու հրահանգ է տրվել։
Ստեղծված ճգնաժամով զբաղվելու համար Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ընդհատել է իր արձակուրդը և վերադարձել Աթենք։