fbpx
Աշխարհ

Հետ տվեք մեր կղզիները․ Հունաստանում բողոքում են փախստականների թվի աճի դեմ

Հունաստանում հազարավոր ցուցարարներ երկրի իշխանություններից պահանջում են հունական կղզիներից հեռացնել բազմաթիվ փախստականների։ Նրանք որպես պատճառ են ներկայացնում հանցավորության մակարդակի զգալի աճը:

Ինչպես փոխանցում է Daily Mail-ը, խոսքը Լեսբոս, Սամոս և Քիոս կղզիների մասին է: Դրանց բնակիչները, ի նշան բողոքի, համընդհանուր գործադուլ են հայտարարել․ փակվել են խանութները, դադարեցվել է հանրային ծառայությունների մատուցումը, կենտրոնական հրապարակներում հանրահավաքներ են կազմակերպվում:

«Ուզում ենք հետ ստանալ մեր կղզիները, վերադարձնել մեր նախկին կյանքը»,-նշում են հավաքվածները:

Ցուցարարներից մեկը բողոքել է, որ փախստականների գալուց հետո Լեսբոս կղզու բնակիչները մութն ընկնելուց հետո չեն կարողանում միայնակ փողոց դուրս գալ․ մարդկանց վրա հարձակվում են:

Աղբյուրը մանրամասնում է, որ փախստականների ամենամեծ ճամբարը հենց Լեսբոսում է: Նշվում է, որ ընդամենը 2840 հոգու համար նախատեսված ճամբարում այժմ ապրում է ավելի քան 19 000 մարդ: Հունաստանի իշխանությունները մտադիր են այս կղզիներում ավելի մեծ ճամբարներ կառուցել: Սակայն տեղի ինքնակառավարման մարմինները պատրաստվում են Աթենք գնալ ու իրենց բողոքը ներկայացնել կառավարությանը։

Հավելենք, որ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ 2019թ. Թուրքիայից Հունաստան է գնացել մոտ 75 000 փախստական:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ