fbpx
Քաղաքականություն

Հունաստանում մեկնարկել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը

Հունաստանում ապրիլի 14-ին մեկնարկել է Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:

Կենտրոնական քաղաքական ձեռնարկը կազմակերպվել էր Աթենքի Ռազմական թանգարանի սրահում, որին ներկա են եղել Աթենքի և Համայն Հունաստանի արքեպիսկոպոս Հիերոնիմոս II-ը, Հունաստանի Հայ առաքելական, կաթոլիկ և բողոքական եկեղեցիների առաջնորդները, Հունաստանի կառավարության և խորհրդարանում ներկայացված քաղաքական կուսակցությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Հունաստանում հավատարմագրված դեսպաններ, ռազմական կցորդներ, մտավորականներ, դասախոսներ, հասարակական-քաղաքական շրջանակների և հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ:

Միջոցառմանը ելույթ է ունեցել Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանը: Հունաստանի կառավարության անունից ելույթ է ունեցել արտաքին գործերի փոխնախարար Տերենս Նիկոլաոս Քուիքը, իսկ խորհրդարանի անունից ներկաներին խոսք է հղել Հունաստան-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախաագահ Էլենի Ստամատակին:

Ձեռնարկի հիմնական բանախոսն էր հայտնի վերլուծաբան և լրագրող, «Ռեալ Նյուզ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոս Խաձինիկոլաուն:

Միջոցառումն ուղեկցվել է «Համազգային» մշակութային միության երգչախմբի և պարախմբի, դերասանուհի Քրիստինե Ալեքսանյանի ասմունքային կատարումներով:

Միջոցառման ավարտին Հ.Մ.Ը.Մ թմբկահարների, սկաուտների և Աթենքի քաղաքապետարանի նվագախմբի ուղեկցությամբ կայացել է հիշատակի քայլերթ դեպի Աթենքի Սինտաղմա կենտրոնական հրապարակ և, պատվո պահակախմբի ներկայությամբ, Անհայտ զինվորի հուշարձանին ծաղկեպսակի զետեղման արարողություն` ՀՀ դեսպանության, Հունաստանի կառավարության, խորհրդարանի, Ատտիկայի մարզպետարանի, Աթենքի քաղաքապետարանի, հունահայ համայնքի կողմից:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ