fbpx
Տնտեսություն

Հունիսին աշխատատեղերի ռեկորդ է գրանցվել

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն Հարկ վճարողների կողմից հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում արտացոլված տվյալների հիման վրա ամփոփել է 2021 թվականի հունիս ամսվա ցուցանիշները:

Մասնավորապես, 2021 թվականի հունիսի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 643 հազար, ինչը 2021 թվականի մայիսի համեմատ՝ ավելի է շուրջ 8 հազարով, 2020 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 34 հազարով, 2019 թվականի հունիս ամսվա համեմատությամբ` 37.5 հազարով, իսկ 2018 թվականի մայիս ամսվա համեմատությամբ` 80 հազարով:

Միաժամանակ, 2021 թ․ հունիսին՝ նախորդ տարիների նույն ամիսների համեմատությամբ, աճել է նաև աշխատատեղերի գծով հայտարարագրված եկամուտը (հարկման բազան)` կազմելով շուրջ 139 միլիարդ դրամ, ինչը գերազանցում է 2020 թվականի հունիս ամսվա նույն ցուցանիշին` 15 տոկոսով, 2019 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 23 տոկոսով, իսկ 2018 թվականի հունիս ամսվա ցուցանիշին` 40 տոկոսով:

2021 թվականի հունիս ամսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է նաև մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով շուրջ 216 հազար դրամ: 2020 թվականի հունիս ամսվա այս ցուցանիշը կազմել է 198 հազար դրամ, 2019 թվականին` 187 հազար դրամ, իսկ 2018 թվականին` 177 հազար դրամ:

ՊԵԿ-ից հիշեցնում են, որ 2020 թվականի սեպտեմբեր ամսվա համար եկամուտ ապահոված աշխատատեղերի թիվը կազմում էր շուրջ 632 հազար, որն աննախադեպ էր և Հայաստանի Հանրապետության վիճակագրական պատմության մեջ արձանագրված ամենաբարձր ցուցանիշն էր, սակայն 2021 թվականի մայիս ամսին գերազանցվել է այդ ցուցանիշը` կազմելով շուրջ 635 հազար: Արդեն իսկ կարող ենք նշել, որ ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 2021 թվականի հունիս ամսին (643 հազար)` գերազանցելով նաև 2021 թվականի մայիս ամսվա ցուցանիշը:

Հարկային մարմինն իր գոհունակությունն է հայտնում շարունակաբար կարգապահ վարքագիծ դրսևորող հարկ վճարողներին և ողջունում՝ ստվերային տնտեսության կրճատմանն ուղղված համատեղ քայլերի արդյունքները:

ՊԵԿ-ից հիշեցնում են նաև, որ ցանկացած գրանցված աշխատատեղ ձևավորում է լրացուցիչ հարկային եկամուտ, որը նպաստում է երկրի անվտանգության ապահովմանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ