Այսօր՝ մայիսի 31-ին, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ԱԳՆ անձնակազմի հետ։
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղադալյանը։
Այվազյանը նշել է, որ շատ դժվարությամբ է այդ որոշումն ընդունել, բայց երբ ստանձնել է պաշտոնը, իր համար եղել է մի չափանիշ․ «այս նախարարությունը, որ ծնունդն է անկախության, պետք է անշեղորեն պաշտպանի մեր ինքնիշխանությունը, մեր անկախությունը, մեր պետական, ազգային շահերը», – ասել է նա։
Այվազյանը հույս է հայտնել, որ ԱԳՆ անձնակազմին ամոթով չի թողել։ «Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահի դեմ են եղել», – ասել է նա։