fbpx
Սպորտ

Հուսով եմ՝ շուտով կհաղթահարենք այս իրավիճակը․ Արամ Հայրապետյան

Հայաստանի ազգային հավաքականի և իրանական «Փեյքանի» դարպասապահ Արամ Հայրապետյանը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է կորոնավիրուսի համաճարակի հետևանքով առաջացած սահմանափակումների, Իրանում ապրելու և մարզվելու դժվարությունների և ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին.

«Ներկայումս գտնվում եմ Իրանի մայրաքաղաք Թեհրանում, որը երկրում երկրորդ տեղում է կորոնավիրուսով վարակվածների թվով: Հիվանդների թիվն արդեն անցել է 40 հազարը: Ես կարանտինի մեջ եմ, պահպանում եմ անվտանգության բոլոր նորմերը, հաճախ լվացվում եմ, դիմակ և ձեռնոցներ եմ կրում: Տնից դուրս եմ գալիս միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Խանութ եմ գնում գիշերը, երբ շատ մարդ չի լինում: Բացի մթերային խանութներից և դեղատներից ամեն ինչ փակ է:

Առաջնությունը և մարզումները դադարեցվել են դեռևս 20 օր առաջ: Սկզբում ակումբից մեզ հայտնեցին, որ մարզումները դադարեցվում են երկու շաբաթով: Ի դեպ, օդային սահմանն այդ պահին արդեն փակ էր: Ես ունեի հնարավորություն հասնելու տուն (Ադլեր-խմբ.)՝ անցնելով Հայաստանով, բայց չցանկացա հարազատներիս վտանգի ենթարկել և որոշեցի մնալ Իրանում՝ սպասելով իրավիճակի բարելավմանը և մարզումների վերսկսմանը:

Հաշվի առնելով, որ դեռևս պարզ չէ, թե երբ է այս ամեն ինչն ավարտվելու և մարզավիճակս չկորցնելու համար՝ ակումբի ղեկավարության կողմից թույլտվություն խնդրեցի անհատապես մարզվել ակումբի մարզաբազայում, որտեղ ոչ ոք բացի ինձնից չի մարզվում: Ակումբի արտասահմանցի ֆուտբոլիստներից միայն ես եմ մնացել Իրանում:

Հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի մասին կարող եմ ասել, որ շատ փորձառու է, մարզել է բավականին ուժեղ ակումբներ, որոնք իր գլխավորությամբ հաջող ելույթներ են ունեցել ինչպես Իսպանիայում, այնպես էլ Եվրոպայում: Կարծում եմ՝ նրա որակավորումը թույլ կտա մեզ լավ արդյունքներ գրանցել:

Հույս ունեմ, որ մոտ ապագայում կկարողանանք հաղթահարել այս իրավիճակը: Ես խնդրում եմ մեր հայրենակցիներին ամենայն լրջությամբ վերաբերվել այս խնդրին, պահպանել բոլոր կանոնները, չխախտել կարանտինը և վտանգի չենթարկել իրենց մեծահասակ հարազատների կյանքը: Միայն այսպես մենք կկարողանանք հաղթահարել այս դժվարին ժամանակաշրջանը, վերադառնալ մեր բնականոն կյանքին և զբաղվել մեր սիրելի գործով»:

Գրում է ՀՖՖ պաշտոնական կայքը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ