Քաղաքականություն

Հույս ունեմ՝ Դաշնակցությունից կգտնվեն մարդիկ, ովքեր կդատապարտեն բռնությունը․ Նարեկ Այվազյան

«Էլեկտրիկ Երևան» ՀԿ-ի հիմնադիր Նարեկ Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Մեր կռիվներն արտաքին են

Արժանապատվությունը պահելը ճիշտ է: Սակայն, բռնությունն ինքնին անընդունելի է ու բռնություն քարոզելը՝ առանձնապես դատապարտելի: Ո՞ր մեկս կռիվ չի արել՝ արժանապատվությունը բարձր պահելու համար: Հատկապես մեր երկրում, մեր մենթալիտետի հետ ուղիղ կապված է: Այնուհանդերձ, թասիբը միայն ապտակելով, ծեծելով կամ սպանելով բարձր չեն պահում: Քաղաքակիրթ ու մարդկային այլ մեթոդներ կան, որոնցից ամենառաջինն ու ընդունելին ուղիղ ու շիտակ խոսքն է, ներողամիտ լինելն ու ներում ստանալու կարողությունը, մասնավորաբար՝ հանրային կյանքում, հանրային գործիչների պարագայում:

Որոշ ժամանակ առաջ «արցախցի-հայաստանցի» պառակտում փորձեցին մտցնել, բայց հենց Արցախից կոչեր ու դիրքորոշումներ լսեցինք, որոնք դատապարտում էին երևույթը ու դա որոշակի սփոփում է և հույս տալիս համերաշխ հասարակություն կառուցման համար:

Հիմա բռնության ու ատելության քարոզ են անում, որի սածիլները ցանվեցին վերջին շատ քննարկված գրառումից հետո, հուսամ՝ նպատակաուղղված ու ուղղորդված քարոզ չէր, և հույս ունեմ, որ հենց Դաշնակցությունից կգտնվեն մարդիկ, ովքեր կդատապարտեն բռնությունն ու ատելության քարոզը, որպես հավաստիք, որ իրենք պառակտիչ կազմակերպություն չեն իրավունքի և օրենքի պետություն կառուցման գործում, որպես հավաստիք, որ ՀՅԴ-ն մեր ժողովրդավարական հասարակության մասն է ու ընդունում է թե՛ ՀՀ օրենքներն ու Սահմանադրությունը, թե՛ մեր պետության կողմից վավերացված միջազգային համաձայնագրերը, որոնցում անընդունելի են մարդկանց դեմ բռնության գործադրումը և ատելության քարոզը:

Եկեք համերաշխություն քարոզենք և քաղհան անենք ատելության սածիլները մեր երկրում, և չստեղծենք բոբոների, անհայրենիքների ու անթասիբների պետություն՝ մեկս մյուսին պիտակավորելով, որը, վաղ թե ուշ, կգցենք ոտքներիս: Դեռ շատ կռիվներ ունենք մեզ թշնամի հայտարարած ու մեր վատը ցանկացողների հետ, որոնք ամեն վարկյան պատրաստ են մեզ հոշոտել»:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ