fbpx
Զինված Ուժեր

Իգական սեռի ներկայացուցիչները կարող են կամավոր հիմունքներով 6-ամսյա պարտադիր զինծառայություն անցնել. Պապիկյան

Կառավարության օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված՝ «Զինվորական և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու և «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում դրական եզրակացություն ստացավ՝ ընդգրկվելով լիագումար նիստի օրակարգ:

«Փաթեթի համաձայն՝ նախատեսվում է ներդնել իգական սեռի քաղաքացիների կամավոր հիմունքներուվ պարտադիր զինվորական ծառայության համակարգ»՝ հանձնաժողովի հերթական նիստին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը:

«Սահմանվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած իգական սեռի քաղաքացիների կողմից դիմումի ներկայացման, նրանց զինվորական հաշվառման, զորակոչի, ծառայության վայրի նշանակման, ծառայության ավարտից հետո պատվո վճարի հաշվարկման հետ կապված հարաբերությունները»,- ասաց Պապիկյանը:

Նրա խոսքով՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի համաձայն՝ դիմում կարող են ներկայացնել 18-27 տարեկան իգական սեռի քաղաքացիները, որոնց պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանվում է 6 ամիս: Սահմանվում են դիմում ներկայացնելու ժամկետները մինչև համապատասխան տարվա մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը այն հաշվարկով, որ հնարավոր լինի ամբողջ ծավալով ներկայացնել նրանց զինվորական հաշվառման և առողջական վիճակի գնահատման գործընթացը:

Մինչև մարտի 1-ը կամ հոկտեմբերի 1-ը դիմում ներկայացնելու դեպքում ենթակա են լինելու այդ օրվան հաջորդող զորակոչին. խոսքը վերաբերում է ամառային և ձմեռային զորակոչերին: Դիմումը տալուց հետո իրավունք են ունենալու մինչև զորակոչվելու օրը հրաժարվել պարտադիր զինվորական ծառայությունից:

Նախարարը նշեց, որ զորակոչված իգական սեռի զինծառայողներն առանց վիճակահանության նշանակվում են ուսումնական զորամաս, և ծառայությունը կազմակերպվում է բացառապես այդ զորամասում: «Այդ նպատակով ընթացքի մեջ է առանձին զորամասի տեսքով կանանց գումարտակի ձևավորման գործընթացը, որի վարչակազմը հանդիսանալու են պայմանագրային զինվորական ծառայության մեջ գտնվող կանայք: Վեցամսյա ժամկետը լրանալու կամ մինչև լրանալն առողջական վիճակի պատճառով վաղաժամկետ զորացրվելու դեպքում ստանալու են պատվո վճար, որը նախատեսվում է սահմանել 6 ամիսը լրիվ ծառայելու պարագայում 1 մլն դրամ, իսկ վաղաժամկետ զորացրվելու դեպքում նշված գումարը վեց ամսվա բաժանելու և փաստացի ծառայած ամիսների թվով բազմապատկելու արդյունքում ստացված չափով»,- ասաց նա:

Սուրեն Պապիկյանը հայտնեց, որ այդ քաղաքացիները իրավունք են ունենալու 6-ամսյա ժամկետը լրանալու հիմքով զորացրվելու փոխարեն «Պաշտպան հայրենյաց» ծրագրով դիմել և անցնել 5 տարի ժամկետով պայմանագրային զինվորական ծառայության՝ այդ դեպքում, բնականաբար, օգտվելով «Պաշտպան հայրենյաց» ծրագրի բոլոր արտոնություններից:

Պապիկյանն ընդգծեց, որ այդ քաղաքացիների վեցամսյա ծառայությունը հիմք է հանդիսանում, որ հաշվառումից հետո նրանք լինեն լիիրավ և հավասարազոր պահեստազոր, այսինքն՝ նաև զինապարտ, ինչպես տղամարդկանց դեպքում է: «Իգական սեռի այն ներկայացուցիչները, որոնք կանցնեն վեցամսյա պատրաստությունը, կլինեն մեր պահեստազորում, ամրագրում կստանան և անհրաժեշտության դեպքում կզորակոչվեն»,- նշեց Սուրեն Պապիկյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ