fbpx
Աշխարհ

Իլոն Մասկը զրպարտության գործով կանգնել է դատարանի առջև

SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը Լոս Անջելեսում կանգնել է դատարանի առջև բրիտանացի դայվեր Վեռնոն Անսուորթի հասցեին զրպարտության գործով, որին գործարարն անվանել է մանկապիղծ: Այս մասին հաղորդում է CNBC հեռուստաալիքը։

Նիստի ընթացքում Մասկը հերքել է մեղադրանքը և ասել, որ չի պնդել, որ Անսուորթը մանկապիղծ է։ SpaceX- ղեկավարի փաստաբան Ալեքս Սփայրոն նույնպես ընդգծել է, որ խոսքը ոչ թե փաստի հավաստման, այլ վիրավորանքների մասին է։ Իր հերթին, պաշտպանության կողմը դատարանի ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Մասկը ազդեցիկ մարդ է և նրա գնահատականները կարող են որոշակի կշիռ ունենալ։

Անսուորթը 2018 թվականի հունիսին մասնակցել է 12 երեխայի և մարզչի փրկության ծավալուն գործողությանը Թաիլանդում ջրի տակ մնացած քարայրից։ Նա հայտնաբերել է նրանց գտնվելու վայրը քարայրում և թիմ հավաքել, որին հաջողվել է փրկել նրանց։ Մասկը և նրա SpaceX ընկերությունը Թաիլանդ են ուղարկել սեփական արտադրության ոչ մեծ սուզանավ և օգնություն դայվերներին։ Անսուորթը հարցազրույցներից մեկում ասել է, որ սուզանավը անհնար է օգտագործել, որ դա ընդամենը PR հնարք է, և որ Մասկը կարող է «իր սուզանավը մտցնել իր ինչ-որ մի տեղը»։

Դրանից հետո Մասկը բազմիցս դայվերին անվանել է մանկապիղծ։ Ամերիկյան պարբերականների լրագրողներին ուղղված նամակներում Մասկը այն տեսությունն է առաջադրել, թե Անսուորթը հատուկ է բնակություն հաստատել Թաիլանդում, որպեսզի ամուսնանա անչափահասի հետ։ Քննադատության ֆոնին Մասկը հանել է այդ թվիթները և ներողություն խնդրել՝ ասելով, որ իր հայտարարություններն արել է հույզերի ազդեցությամբ։

Բայց Անսուորթը նրան դատի է տվել և պահանջում է իրեն վարկաբեկող տեղեկությունների հերքում և բարոյական վնասի փոխհատուցում 75 հազար դոլարի չափով։ Հայցը ներկայացնելուց հետո Մասկն ասել է, որ pedo guy բառերը, որոնք օգտագործել է Անսուորթի մասին, բնավ չեն նշանակել պեդոֆիլ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ