fbpx
Խորհրդարան

Իմ Քայլը այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը և կայացնել իր որոշումը. Մակունց

Այսօր Ազգային ժողովում «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն իր ելույթում անդրադարձավ ընդդիմությանը լռեցնելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին։

«Նախ, մենք պետք է դուրս գանք որևէ մեկին լռեցնելու տրամաբանությունից: Դա ոչ միայն անհամարժեք է և չի համապատասխանում մեր արժեքներին, այլև չի համապատասխանում իրականությանը: Ինչպես քաղաքական մեծամասնությունը չի կարող լռեցնել ընդդիմանությանը, այնպես էլ ընդդիմությունը իր հայտարարություններով կամ այլ կերպ չի կարող լռեցնել քաղաքական մեծամասնությանը քաղաքական հայտարարություններ անելու:

Անձամբ իմ գնահատմամբ հունիսի 5-ին Գագիկ Ծառուկյանի հնչեցրած հայտարարությունը մինչ այդ ԲՀԿ-ի արած հայտարարություններից տարբերվում էր ընդամենը երկու կետով. Առաջինը, որ խոսվում էր կորոնավիրուսով պայմանավորված դժվարությունների մասին՝ Արտակարգ դրության պայմաններում և դա արվում էր վարչապետի և նրա ընտանիքի վարակված լինելու պարագայում, և երկրորդը՝ 97 տոկոս կառավարության փոփոխությունը փոխարինվել էր 100 տոկոս փոփոխությամբ»,-ասաց նա:

Լիլիթ Մակունցը նկատեց, որ երեկ նույնպես իրենց ելույթներում ԲՀԿ գործընկները խոսում էին քաղաքական ընդդիմությանը լռեցնելու փորձերից և այդ մասին խոսում էին այն պարագայում, երբ «Իմ քայլը» խմբակցությունը լուռ էր. «Հետաքրքիր էր հետևել, որ ԲՀԿ-ի պատգամավորների ելույթներն այնպես էին ձևակերպված, ասես արձագանքում էին «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ելույթներին, իսկ մենք լուռ էին:

Հիմա պարզաբանեմ, թե ինչու էինք լուռ. որովհետև իրավական գործընթացին «Իմ քայլը» խմբակցությունը այլ անելիք չուներ, քան լսել դատախազի միջնորդությունը, լսել ԲՀԿ խմբակցության հարցադրումները, ելույթները և փակ քվեարկության ժամանակ կայացնել իր որոշումը։ Լուռ էինք, որովհետև թե՛ ՀՀ հանրությունը, թե՛ միջազգային գործընկերները իրավունք ունեն առանց ավելորդ զեղումների, ավելորդ միջամտության լսել, և հասկանալ, թե ինչ էր կատարվում, անկախ նրանից, թե որքան ջանասիրաբար էին ընդդիմադիր գործընկերները փորձում ներկայացնել դա որպես քաղաքական հետապնդում»,-ասաց նա։

Մակունցը նշեց, որ բոյկոտելը ընդդիմության իրավունքն է, տարբեր ատյաններին, այդ թվում միջազգային ատյաններին դիմելը նույնպես ընդդիմության իրավունքն է, միևնույն ժամանակ, բոլորի բարոյական պարտականությունն է ՀՀ հանրության և միջազգային գրոծընկերների հետ լինել ազնիվ և թափանցիկ. «Այո, ՀՀ-ում խոսքի ազատությունը, ժողովրդավարությունը, բազմակարծությունը Հայաստանի կարևոր ձեռքբերումներն են: Վկայությունը 2018-ից ի վեր անցկացված համապետական և տեղական բոլոր ընտրություններն են: Վկայությունը նաև մամուլում կառավարող թիմի հասցեին մեծ ծավալով արվող քննադատությունն է, որը ցավոք, շատ հաճախ ուղեկցվում է նաև անձնական վիրավորանք պարունակող արտահայտություններով: Միաժամանակ ուզում եմ ընդգծել, որ վերջին շրջանում բոլոր հարթակներում փորձ է արվում բոլոր իրավական գործընթացներին տալ քաղաքական հետապնդման երանգ, դրանով փորձելով ճնշում գործադրել իրավապահ համակարգի նկատմամբ: Ուստի որևէ գործով որևէ կերպ չխաթարելով որևէ անձի անմեղության կանխավարկածը, հայտարարում ենք, որ ՀՀ-ում այլևս բոլորը հավասար են օրենքի առաջ՝ անկախ ունեցած դիրքից, կուսակցական պատկանելիությունից և քաղաքական հայացքներից»,-ընդգծեց «Իմ քայլի» ղեկավարը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ