fbpx
Կառավարություն

Իմ շրջապատում չկան մարդիկ, որոնք կարող են լինել հանցագործներ․ Օսիպյան

Լրատվամիջոցներում այսօր տեղեկություններ տարածվեցին, որ ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը Ռուսաստանի Դաշնությունում նոր աշխատանք ունի, նշվում էր, որ Օսիպյանն աշխատանքի է անցել «Մոնարխ» ընկերության սեփականատեր Արմեն Գինոսյանի մոտ։

«Ա1+»-ը կապ հաստատեց Վալերիյ Օսիպյանի հետ։ Վերջինս նշեց՝ թող ոչ մեկին չհետաքրքրի, թե ինքը որտեղ է գտնվում։

«Ես ազատ քաղաքացի եմ»,-ասաց նախկին ոստիկանապետը։

Անդրադառնալով մամուլում հրապարակված տեղեկություններին, թե իբրև Արմեն Գինոսյանը քրեական հեղինակություն է, պարոն Օսիպյանը նշեց, որ Արմեն Գինոսյանը հանցագործ չէ, և որ իր շրջապատում հանցագործներ չկան։

«Իսկ հանցագործները նրանք են, ովքեր նման հոդվածներ են պատվիրում, և ես գիտեմ, թե ովքեր են նրանք»,-նշեց նա։

«Ոչ միայն Արմեն Գինոսյանը, այլև իմ շրջապատում չկան այնպիսի մարդիկ, որոնք կարող են լինել հանցագործներ։ Արմեն Գինոսյանը և իր շրջապատը, «Մոնարխ» ընկերությունը, լինելով հայրենասեր, Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության համար այնքան բան են արել, որ որ շատերը չէին կարող անել։ Գինոսյանը եղել է իրավապահ մարմիններում, արել է այնքան բան, որ կարող եք հետաքրքրվել, այնքան օգնություն է հատկացրել Հայաստանին ու Արցախին։ «Մոնարխ» ընկերությունը, լինելով Ռուսաստանում հայտնի շինարարական ընկերություն, տասնյակ-միլիոն դոլարների ներդրումներ է արել Հայաստանում, բազմաթիվ նվիրատվություններ», -ասաց նախկին ոստիկանապետը։

Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաև իր պաշտոնավարման օրոք ձեռք բերված հաջողություններին՝ նշելով, որ այդ ընթացքում այնպիսի ցուցանիշներ են ձեռք բերվել, որոնք հիմք են դարձել ներկայիս ոստիկանության աշխատանքի համար՝ հանցավորության դեմ պայքարի հարցում։

«Տարվա սկզբին ունեինք հանցավորության 35 տոկոս աճ, իմ պաշտոնավարումից հետո սեպտեմբերից՝ 9 ամիս ամփոփման ժամանակ 6 տոկոս է եղել։ Սա լուրջ ձեռքբերում է։ Ձեռքբերումներ եղել են ոստիկանության բոլոր ոլորտներում, լուրջ տնտեսումներ, և այդ ամենին ես հասել եմ իմ գործընկերների հետ բարեխիղճ աշխատանքի արդյունքում, որի համար ես իրենց շնորհակալություն եմ հայտնում»,- ասաց նա։

Վալերիյ Օսիպյանը նշեց, որ իրեն ճանաչողները գիտեն, թե ինքն ինչ սկզբունքների տեր մարդ է, ինչպես է պայքարել հանցավորության դեմ։

«Ես միշտ պայքարել եմ հանցավորության դեմ և հիմա էլ պատրաստ եմ և պայքարում եմ։ Նախկին ոստիկան չի լինում։ Նոր Հայաստանի կարգախոսն է՝ դուխով, բոլորը գիտեն Օսիպյանի դուխով լինելը»,- եզրափակեց Վալերիյ Օսիպյանը։

Աղբյուրը՝ A1plus.am

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ