fbpx
Խորհրդարան

Իմ խոսքը եղել է ալեգորիկ, ձիու հետ համեմատությունը հայտնի խոսք է․ Համազասպ Դանիելյան

Դուք երեկ ընդդիմությանը ձիու հետ համեմատելու համար պետք է ներողություն խնդրեք: Այս մասին, այսօր՝ հունվարի 23-ին, ԱԺ-ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ դիմելով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին:

Այս խոսքին արձագանքեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից Համազասպ Դանիելյանը, քանի որ ինքն էր իր ելույթում համեմատություն արել ձիու հետ: Նա նշեց, որ իր խոսքը հերթական անգամ նենգափոխվեց այն քաղաքական ուժի ղեկավարի կողմից, որի ներկայացուցիչը մեկ այլ պատգամավորի ասաց՝ դուք շատ փոքր մարդ եք:

«Իմ խոսքը եղել է ալեգորիկ, ձիու հետ համեմատությունը հայտնի խոսք է, ինչպես օրինակ ասվում է, որ ընդդիմությունը պահապան շուն է (Watch dog): Այնպես որ, պետք չի այդպես խորը վիրավորվել և փորձել լրտվամիջոցներին, միգուցե նաև դեսպանատների հետ հանդիպումներում առաջ տանել ձեր այն միտքը, թե ընդդիմությունն այնքան խեղճացած է, այնքան դժվարությունների է հանդիպում: Այո, եթե դուք ալեգորիկ խոսքը չեք կարողանում հասկանալ, և այդ խոսքը ուղղված է եղել կոնկրետ մարդու, մի տարածեք այն ամբողջ ընդդիմության վրա: Եթե ներողություն եք ուզում, կարգավորեք ձեր հռետորաբանությունը»,-ասաց նա։

Իր հերթին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը դիմելով Մարուքյանին՝ հիշեցրեց վերջինիս, որ նա երեկ հայտարարում էր, թե ինքը միակողմանի նախազգուշացում է տվել:

«Պարոն Մարուքյան, հանուն արդարության, երբ դուք խոսում էիք և դա գուցե այնքան էլ ականջահաճո չէր պարոն Ռուբինյանի համար, պարոն ռուբինյանը հանգիստ ուշադիր լսում էր: Իսկ երբ պարոն ռուբինյանն էր խոսում, դուք էդտեղից իջաք, եկաք կանգնեցիք այստեղ և սկսեցիք զուգահեռ խոսել, գոռալ, խանգարել պարոն Ռուբինյանի խոսքը: Ես որպես ԱԺ նախագահ այդ արարքի համար հայտարարեցի նախազգուշացում»,-նշեց նա։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ