fbpx
Երևան

Ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր․ պարզվեց՝ շեյխը շեյխ չէր․ Հակոբ Կարապետյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

hakob karapetyan

Մենք գնացինք Գագիկ Ծառուկյանի հայտարարության հետքերով և պարզեցինք մի շարք հանգամանքներ այդ հանդիպման մասին։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով Աբու Դաբիի թագաժառանգ շեյխ Սուլթան Բին Խալիֆա բին Զաիդ Ալ Նահյանի ներկայացուցիչների և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ աղմուկ բարձրացրած հանդիպմանը։

«Թե ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր, պարզվեց՝ շեյխը շեյխ չէր, ոչ թե ինչ-որ թագաժառանգ էր եկել հանդիպմանը, այլ նրա ներկայացուցիչը»,-ասաց Կարապետյանը։

Անդրադառնալով Մարությանի այն հայտարարությանը, թե ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի «Մուլտի Գրուպ» ընկերությունն ապօրինի շինարարություն է իրականացնում Աբովյան 5 հասցեում, ապա դրան հաջորդած՝ Ծառուկյանի այն հայտարարությանը, թե Մարությանն իրեն թույլտվություն տվել է, Հակոբ Կարապետյանն ասաց. «Խոսում ենք երկու փաստաթղթի մասին՝ նախագծման թույլտվությունը և շինարարական թույլտվությունը։ Նախագծի թույլտվությունը ստանալուց հետո կառուցապատողը կրկին դիմում է համայնքին՝ շինթույլտվություն ստանալու համար, որից հետո միայն կարող է սկսել շինարարական աշխատանքները»։

Կարապետյանն անդրադարձավ նաև Ծառուկյանի այն հակադարձմանը, թե շինթույլտվությունը տվել է ոչ թե Մարությանը, այլ Նարեկ Սարգսյանը։

«Շինթույլտվություն տալիս է միայն համայնքի ղեկավարը։ Մենք Նարեկ Սարգսյան անունով քաղաքապետ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք Տարոն Մարգարյան քաղաքապետ, որը 2018թ. փետրվարի 16-ին տվել է շինթույլտվություն»,-ասաց նա և ցույց տվեց համապատասխան փաստաթուղթը։

Նրա խոսքով՝ դրանից երեք օր անց Վարչական դատարանը վարույթ է ընդունել հարևան շինության սեփականատիրոջ բողոքը, և վարույթն ընդունելու պահից Ծառուկյանի շինթույլտվությունը կասեցվել է։

«Բայց մեր հարգարժան կառուցապատողները, ինչպես ցանկացած շուստրի տղա, փորձելով շրջանցել օրենքը, այդտեղ իրականացրել է կառուցապատում, և 2018թ. հունիս-հուլիս ամիսներին, երբ ընկալում կար, որ մի քիչ խառն է իրավիճակը, այդ շինարարությունն ինտենսիվորեն ընթանում էր»,-հավելեց նա։

Դրանից հետո ընկերությունը մի քանի անգամ տուգանվել է համայնքի կողմից՝ 200 հազար, ապա 2 մլն դրամով, ինչից հետո գործն ուղարկվել է իրավապահ մարմիններին։ Այս տարվա ապրիլին Մարությանը որոշակի փոփոխություններով «Մուլտի Գրուպին» տվել է երկրորդ նախագծման թույլտվություն, սակայն շինթույլտվության դիմում, ըստ Կարապետյանի, քաղաքապետարանը չի ստացել։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ