fbpx
Քաղաքականություն

Ի՞նչ կլինի, եթե նրանք հետևեն իսլանդացիների օրինակին, սարսափելի է անգամ մտածելը․ Լևոն Գալստյան

Բնապահպան Լևոն Գալստյանը Facebook-ի իր էջում գրել է․

«Մոտ 10 տարի առաջ այսպես գրվեց Իսլանդիայի նոր սահմանադրությունը՝ խաղաղ, ոչ բռնի հեղափոխությունից հետո․

Եվ սա դեռ ամենը չէ: Կառավարությունը որոշեց նոր Սահմանադրություն ընդունել, որը կազատեր երկիրը միջազգային ֆինանսական կախվածությունից և վիրտուալ փողերից: Ընդ որում՝ իսլանդացիներն իրենք ցանկություն հայտնեցին գրել Սահմանադրությունը: Եվ դա հաջողվեց: 2010թ.-ին երկրի մայր օրենքի նախագիծը գրեցին Ազգային ասամբլեայի անդամների կողմից վիճակախաղի միջոցով ընտրված 950 շարքային իսլանդացիներ:

Նոր Սահմանադրությունը վերջնական տեսքի բերելու համար իսլանդացիները, արդեն ընտրության միջոցով, ընտրեցին 25 քաղաքացիներից բաղկացած Սահմանադրական խորհուրդ: 522 հոգուց ընտրվեցին սովորական մարդիկ՝ ձկնորսներ, ֆերմերներ, բժիշկներ, տնային տնտեսուհիներ, ովքեր չէին պատկանում որևէ կուսակցության և որոնցից յուրաքանչյուրի համար երաշխավորել էր առնվազն 30 քաղաքացի:
«Ամեն խոհարարուհի կարող է գրել Սահմանադրություն» բնութագրական վերնագիրն ունեցող հոդվածում ռուս «ժողովրդավարական» լրագրող Պավել Պրյանիկովը գրում է. «Հատկանշական է, որ Իսլանդիայում ոչ ոք չվրդովվեց, թե հնարավոր չէ կարդալ 522 մարդու կենսագրականները և նրանց քաղաքական ծրագրերը, ինչպես նաև գլուխ հանել ընտրական հարցաթերթիկներից, որտեղ գրանցված էին հսկայական թվով մարդկանց անուն-ազգանունները»:

Սրան հաջորդեց Սահմանադրության տեքստի և սահմանադրական օրենքների մշակումը: Նույն Պ. Պրյանիկովի խոսքերով. «Այնուհետ Խորհուրդն օգտագործում է քրաուդսորսինգի (croudsourcing) համակարգը, ինչը նշանակում է բոլորին հնարավորություն տալ՝ մասնակցելու իր աշխատանքներին: Քաղաքացիների առաջարկները հավաքագրվում էին Ֆեյսբուքի, Թվիթերի, նույնիսկ Յութուբի միջոցով»: Շարքային իսլանդացիներից ստացվեց 3600 մեկնաբանություն՝ կապված Խորհրդի աշխատանքների հետ, և 370 ուղղում՝ Սահմանադրության համար: Ամեն շաբաթ Խորհուրդը համացանցում հրապարակում էր նոր հոդվածներ, որոնք դրվում էին հանրային քննարկման: Երկու-երեք շաբաթ անց՝ հանրությունից և փորձագետներից ստացված առաջարկները դիտարկելուց հետո, Խորհուրդը հրապարակում էր հոդվածների վերջնական տարբերակները, որոնք կրկին դրվում էին քննարկման: Ավելին, Խորհրդի անդամները շաբաթական մեկ անգամ իրենց աշխատանքները լուսաբանող նյութ էին պատրաստում և տեղադրում Յութուբում, իսկ նրանց նիստերին կարելի էր հետևել համացանցի միջոցով՝ ուղիղ հեռարձակմամբ: Աշխատանքի ավարտին 25 անդամներից բաղկացած Խորհուրդը քվեարկում էր Մայր օրենքի մշակման աշխատանքներն ավարտելու համար: «Մենք՝ իսլանդացիներս, ցանկանում ենք ստեղծել արդար հասարակություն, որտեղ մեզնից յուրաքանչյուրը սեղանի շուրջ կունենա հավասար տեղ»,- ահա այս խոսքերով է սկսվում Սահմանադրությունը»:

Սահմանադրական խորհրդի անդամներն իրենց մեկնաբանություններում խոստովանում են, որ Սահմանադրության առաջին նախադասությունը թարգմանաբար մի փոքր անհարթ է հնչում, սակայն, իրենց կարծիքով, այն հասկանալի է յուրաքանչյուր իսլանադացու և լավագույնս է արտացոլում բոլորի համար հավասար հնարավորություններ ստեղծելու նրանց ձգտումը: Համաձայն Սահմանադրության նախագծի՝ կղզու բնական ռեսուրսները բացառապես հանրային սեփականություն են: Առանձնակի հետաքրքրություն էր ներկայացնում «Բաց տեղեկատվություն և ճշմարտացիություն» հոդվածը, որը պարտավորեցնում է կառավարությանը հասանելի դարձնել բոլոր աշխատանքային փաստաթղթերը, եթե նրանք պետական գաղտնիք չեն պարունակում: Ավելին, Սահմանադրությունը պարտավորեցնում է իշխանություններին աշխատել ոչ միայն հանուն մարդու, այլև Երկրի և բիոսֆերայի: Առանձին հոդված նվիրված է նաև կենդանիների իրավունքներին:

Նորարարական փաստաթղթում տեղ գտավ նաև բավական արխայիկ համարվող հոդված, որը բացակայում է եվրոպական սահմանադրություններից մեծամասնությունում. Իսլանդիայի ավետարանչական-լյութերական եկեղեցին պահպանում է պետական կարգավիճակը:

Այսպիսով, ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոնների համատեղության արդյունքում մեծամասնությունը անսպասելիորեն դարձավ դրության տերը` հայտնվելով և´ Սահմանադրական խորհրդում, և´ մայր օրենքը մշակողների շարքերում, և´ հանրաքվեի մասնակիցների մեջ: Արդյունքը «գերազանցեց սպասումներն» այն աստիճան, որ մեկ ամսից ավել է, ինչ համաշխարհային ԶԼՄ-ները խոսուն կերպով լռում են հոկտեմբերի 20-ի իսլանդական համաժողովրդական հանրաքվեի արդյունքների մասին, որտեղ Սահմադրության նախագիծը հավանության արժանացրին երկրի բնակչության մոտ 80 տոկոսը, իսկ հանրաքվեին մասնակցությունը կազմեց 66 տոկոս:

Այսպիսով, այն պահին, երբ մեծամասնությանը թույլատրվեց մասնակցել Սահմադրության մշակմանը, ստացվեց այնպես, որ սեփականաշնորհման փոխարեն, որը ներկայացվում էր՝ որպես տնտեսության բոլոր չարիքների դարման, ռեսուրսներն ազգայնացվեցին, պետական գաղտնիքների փոխարեն եղավ բացախոսություն, խիստ ներկայացուցչական ժողովրդավարության փոխարեն հաստատվեցին ուղիղ ժողովրդավարության տարրեր:

Աստված մի արասցե (ամբողջ աշխարհի նեոլիբերալ կառավարությունների տեսանկյունից), որ Իսլադիայի օրինակին հետևեն մյուս պետությունները: Չէ՞ որ 2 տարի առաջ Իսլանդիային առաջարկվում էին այն նույն որոշումները, ինչ այսօր առաջարկվում են մյուս պետություններին: Հունաստանի ժողովրդին ասում են, որ պետական սեկտորի սեփականաշնորհումը միակ ելքն է: Նույնը ասում են նաև իտալացիներին, իսպանացիներին, պորտուգալացիներին:

Ի՞նչ կլինի, եթե նրանք հետևեն իսլանդացիների օրինակին: Սարսափելի է անգամ մտածելը… »:

https://www.facebook.com/LevonGalstyan67/posts/2861152990574749

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ