Կառավարություն
12:51 14/05/2020

Ի՞նչ նոր սահմանափակումներ է ենթադրում արտակարգ դրությունը

ՀՀ Կառավարությունն այսօրվա՝ մայիսի 14-ի նիստում որոշում կայացրեց երկարաձգել արտակարգ դրության ժամկետը` 30 օրով` մայիսի 14-ից մինչև հունիսի 13-ը ժամը 17:00-ն:

Ստորև ներկայացնում ենք կառավարության որոշման նախագիծը.

«Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19, այսուհետ նաև` վարակ) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին ևառողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման,

-հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը,

-հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար,

-հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարելու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը

-և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» N 298-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 1-ին կետում «մայիսի 14-ը ժամը 17:00-ն» բառերը փոխարինել «հունիսի 13-ը ժամը 17:00-ն» բառերով.

2) որոշման 3-րդ կետում «ենթակառուցվածքների նախարարը,» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը» բառերը,

3) որոշման 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«6. Պարետը համակարգում և ղեկավարում է պարետատան աշխատանքները, արտակարգ դրության տարածքում արտակարգ դրության իրավական ռեժիմն ապահովող ուժերը և միջոցները, ինչպես նաև արտակարգ դրության պայմաններում կիրառվող միջոցառումների իրականացման և սահմանափակումների կիրառման համար պատասխանատու մարմինների աշխատանքը:».

4) 8-րդ կետում «պարետատան» բառը փոխարինել «պարետի» բառով, իսկ «ցուցումով» բառը «կողմից» բառով.

5) որոշման հավելվածում՝

ա. 5-րդ կետում «սահմանափակվել այդ անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքը որոշակի տարածքի (վայրի) սահմաններում» բառերը փոխարինել «կիրառվել հարկադիր հոսպիտալացում կամ մեկուսացում» բառերով.

բ. 6-րդ կետում «անձինք պետք է տեղափոխվեն հատուկ նախատեսված կարանտինային վայրեր» բառերը փոխարինել «անձանց նկատմամբ կիրառվում է մեկուսացում» բառերով.

գ. 7-րդ կետում «Պարետի ցուցումով» բառերը փոխարինել «Պարետի որոշմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում կամ» բառերով.

դ. 7-րդ կետի 1-ին ենթակետից հանել «պարետի ցուցումով» բառերը.

ե. 7-րդ կետի 4-րդ ենթակետում «տեղափոխում հատուկ նախատեսված անձանց տեղափոխում հատուկ նախատեսված կարանտինային վայրեր կամ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններ» բառերը փոխարինել «մեկուսացում կամ հոսպիտալացում, այդ թվում՝ հարկադիր հոսպիտալացում» բառերով.

զ. լրացնել նոր 7.2-7.7-րդ կետեր.

«7.2. Սույն որոշման իմաստով մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում` հիվանդի կամ վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց (կոնտակտավորների) առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում՝ այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու և վարակի տարածումը կանխելու նպատակով:

7.3. Սույն հավելվածով սահմանված դեպքերում անձի մեկուսացումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի անունից` համապատասխան մարմնի ղեկավարի կողմից լիազորված պաշտոնատար անձի գրավոր կարգադրությամբ, իսկ տվյալ պահին այն գրավոր ձևակերպելու անհնարինության դեպքում` բանավոր կարգադրությամբ, որը հասցեատիրոջ բանավոր կամ գրավոր պահանջով ենթակա է հետագա գրավոր ձևակերպման ոչ ուշ, քան պահանջը ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում: Մեկուսացման ենթարկված անձի պահանջով մեկուսացում կիրառող մարմինը պարտավոր է անձի մեկուսացման մասին անհապաղ տեղեկացնել նրա ընտրած անձին։

7.4. Մեկուսացման նպատակով անձը Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կամ Հայաստանի Հանրապետության ոստիկանության ներկայացուցչի հսկողությամբ և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցչի ուղեկցությամբ տեղափոխվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից սահմանված մեկուսացման վայր: Մեկուսացման վայրում անձի համար ապահովվում են կեցության, այդ թվում` սննդի, բժշկական խորհրդատվություն ստանալու հնարավորությունը: Մեկուսացման վայրում մեկուսացման պայմանների նկատմամբ հսկողոթյունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, իսկ բժշկական խորհրդատվություն տրամադրում են բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կամ Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի ընդհանուր վերահսկողությամբ:

7.5. Սույն հավելվածի 7.2-7.4.-րդ կետերը կիրառվում են նաև անձանց հարկադիր հոսպիտալացման դեպքերի նկատմամբ:

7.6. Անձի նկատմամբ մեկուսացումը, որպես կանոն, կիրառվում է 14 օրացուցային օրով: Այն դեպքում, երբ անձը դեռևս վարակված չէ, սակայն առկա են հիմնավոր կասկածներ, որ վերջինիս մոտ կարող է հաստատվել վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել ևս 14 օրացուցային օրով, իսկ այն դեպքում, երբ մեկուսացման ընթացքում անձի մոտ հաստատվել է վարակի առկայությունը, մեկուսացումը կարող է երկարաձգվել մինչև անձի բուժումը կամ վարակի բացակայության փաստի հաստատումը: Մեկուսացումը երկարաձգելու դեպքում անձը անցնում է ամենօրյա բժշկական զննություն և ենթակա է մեկուսացումից անհապաղ ազատման, եթե վերացել են մեկուսացումը երկարաձգելու հիմքերը:

7.7. Սույն հավելվածով սահմանված դեպքերում անձնական ազատության իրավունքը սահմանափակող ակտերը կարող են վիճարկվել վարչական կամ դատական կարգով` «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքին և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքին համապատասխան».

 

«8.1. Սույն հավելվածով սահմանված՝ ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ՝ պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում՝ պարետի կողմից սահմանված համապատասխան կարգի և պայմանների խախտումը համարվում է համապատասխանաբար ազատ տեղաշարժվելու իրավունքի և տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումների խախտում».

ը. 11-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«11. Քրեակատարողական հիմնարկներում և ձերբակալվածներին պահելու վայրերում`

1) թույլատրվում է շաբաթական մեկ անգամ մեկ հանձնուքի, ծանրոցի կամ փաթեթի ստանալը կամ ուղարկելը, ընդ որում` անձին հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ուղարկելու կամ նրանից հանձնուք, ծանրոց կամ փաթեթ ստանալու նպատակով քրեակատարողական հիմնարկի կամ ձերբակալվածներին պահելու վայրի տարածք կարող է մուտք գործել միայն մեկ անձ.

2) արգելվում է տեսակցություններ ունենալը, բացառությամբ տեսազանգից օգտվելու դեպքերի:».

թ. 3-րդ և 4-րդ գլխում «ցուցումով» բառը փոխարինել «որոշմամբ» բառով.

ժ. 17-րդ կետում «20» թիվը փոխարինել «10» թվով.

ժա. 4-րդ գլխում լրացնել նոր՝ 17.1-ին կետ.

«17.1. Սույն գլխով սահմանված սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ՝ պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով:».

ժբ. 20-րդ կետից հանել «ևցուցումներով» բառերը.

ժգ. 6-րդ գլխում լրացնել նոր՝ 22.1-ին կետ.

«22.1. Սույն գլխով սահմանված սահմանափակումները կարող են կիրառվել նաև որպես պայմանով սահմանափակումներ՝ պարետի կողմից սահմանված կարգով և պայմաններով, ընդ որում՝ պարետի կողմից սահմանված համապատասխան կարգի և պայմանների խախտումը համարվում է ֆինանսատնտեսական գործունեության իրականացման սահմանափակումների խախտում:»:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»:

Աղբյուրը` news.am:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ