Գարուն է, և մեր օրգանիզմը կարիք ունի վիտամինների, միկրոէլեմենտների, և ամենակարևորը, պետք է ամրացնել իմունիտետը: Եկեք սկսենք խոսել կանաչեղենի մասին,որոնց օգտագործում ենք առօրյայում: Սկսենք ռեհանից կամ շահասպրամից (գեղեցիկ է հնչում): Ամենատարածված կանաչեղեններից է, այն ունի 50 տեսակ, որի հայրենիքը համարվում է հարավային Ասիան, մասնավորապես՝ Հնդկաստանը: Մեր մոտ տարածված է մշակովի միամյա բույսը: Օգտագործում են թարմ վիճակում որպես ուտելի կանաչի և կերակուրների մեջ որպես թարմ և չոր համեմունք: Բույսը ծաղիկներով հանդերձ իր մեջ պարունակում է բավականին եթերայուղ, որն էլ տալիս է բույսին առանձնահատուկ բուրմունք:
Շահասպրամը հարուստ է նաև վիտամիններով ու հանքային աղերով, որի շնորհիվ օգտագործվում է նաև բուժական նպատակներով հիմնական բուժմանը հավելյալ: Թվարկենք մի քանիսը, որը շատ է կիրառվում ժողովրդի կողմից.
1.Բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր տոնուսը, որի հետևանքով բարձրանում է մարդու ակտիվությունը
2.Վերականգնում է ստամոքս-աղիքային համակարգի աշխատանքը՝դյուրին դարձնելով սննդի մարսումը
3.Սթրեսի դեմ օգտագործում են ռեհանի յուղը՝առոմաթերապիա շնչառությամբ
4.Անքնության, միգրենի դեմ օգտագործվում է եթերայուղով լոգանքը
5.Կարմիր և կանաչ եթերայուղերն ունեն բակտերիասպան հատկություն
6. Ատամնացավի համար օգտագործում են մեկ բաժակ ջրում 1 կաթիլ եթերայուղի լուծույթը՝4-6 անգամ ողողելով
7. Օգտագործվում է նաև մրսածության և հազի համար՝պատրաստելով օշարակ
8. Կարևորներից մեկը՝ամրացնում է իմունիտետը:
9. Նյարդային համակարգը հանգստացնելու համար օգտագործում են ռեհանի թեյը
Այս հրաշք հոտավետ,գեղեցիկ ու օգտակար բույսն ունի նաև հակացուցում՝հոգեկան խանգարումների և էպիլեպսիայի դեպքում,ձեռնպահ մնալ հղիության ժամանակ:
Հոտավետ շահասպրամը մտնում է ամենահայտնի և տարածված համեմունքների շարքը, որն օգտագործում են ամբողջ աշխարհում, և այդ փոքրիկ դոզաները չեն կարող բացասաբար ազդել օրգանիզմի վրա:
Եղեք առողջ։