fbpx
Քաղաքականություն

Ինչպե՞ս կարողացար ադեկվատ որակել մի մարդու, ով սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր․ Արթուր Ղազինյանը՝ Արման Բաբաջանյանին

«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը Facebook-ի իր էջում հրապարակել է բաց նամակ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին.

«Հարգելի Արման,
Արդեն մի քանի օր է, ինչ հետևում եմ քո կողմից նախաձեռնված և իշխանությունների կողմից հովանավորվող քաղաքականապես անհեռանկար, իսկ բարոյապես կասկածելի գործունեությանը։

Կարծում եմ, հասկացար, թե ինչ նկատի ունեմ։ Այո, Հայաստանի նորագույն պատմության մեջ իր դաժանությամբ ու ծանրագույն հետևանքներով աննախադեպ պետական հանցագործության՝ հոկտեմբերի 27-ի ոճրագործությանը «նոր» դիտակետեր հաղորդելուն:

Վստահ եմ, ունես բավարար գիտակցություն հասկանալու համար, թե ինչպիսի թաքնված վտանգներով է պարուրված այս «քաղաքական ակցիայի նկրտումները»։ Նույնքան հավատում եմ, որ անկեղծ ես քո մղումներում և իրականում ցանկանում ես լուսավորել այս սպանդի դեռևս չլուսավորված մութ անկյունները։ Նաև ուզում եմ հավատալ, որ նույնիսկ չես մտածում քաղաքական դիվիդենտներ հավաքել հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակի և նրանց հոգիները հերթական անգամ վրդովվեցնելու գնով։ Ինչո՞ւ եմ հատկապես սա նշում, քանզի Հայաստանի քաղաքական կյանքում արդեն արձանագրվել է «դիակապտության» միջոցով քաղաքական իշխանության հասնելու հաջողված փորձ, իսկ հաջողված փորձի գրավչությունը, կարծում եմ, պետք չէ քեզ ներկայացնել։

Դառնալով վերջին մի քանի օրերի քո կողմից նախաձեռնված գործընթացին՝ թույլ տուր ներկայացնել ինձ մոտ ձևավորված պատկերացումները, ինչպես նաև այն համոզմունքները, կասկածներն ու հարցերը, որոնք կօգնեն քեզ առավել խորությամբ ու համակողմանիությամբ գիտակցել այս գործընթացի և՛ հնարավորությունները, և՛ լրջագույն ռիսկերը ինչպես քո, այնպես էլ մեր երիտասարդ պետականության համար։

Նախ և առաջ քո ուշադրությունն եմ ուզում հրավիրել այն խնդրի վրա, որ քո մասնակցությամբ այս գործընթացն արդեն քաղաքականացվում է՝ դրանից բխող բոլոր վտանգավոր հետևանքներով։ Իսկ ես, ինչպես նաև վստահ եմ դու, շատ լավ գիտես, որ մեծ քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում։

Չի կարող պատահական համընկնել դահիճի կողմից վաղաժամ ազատ արձակվելու խնդրագիր ներկայացնելը, քո 2 ժամ տևած հանդիպումը նրա հետ և այդ հիմքի վրա քո քաղաքական ակտիվությունը։ Եվ այս ամենը Հայաստանի բարձր իշխանության լուռ աջակցությամբ և հովանավորությամբ։ Ինչո՞ւ ՀՀ ԱԺ 132 պատգամավորներից այդ «պատիվը» վերապահվեց հենց քեզ, ի՞նչ առաքելություն է դրվել քեզ վրա, և ո՞վ է դրել այդ առաքելությունը։ Եթե դահիճն իրոք ուներ նոր ասելիք, ապա նա դրա 1000 միջոց ուներ ՀՀ իրավապահ մարմիններին փոխանցելու՝ պահպանելով գործընթացի բացառիկ իրավականությունն ու այն զերծ պահելով քաղաքական շահարկումներից ու մանիպուլյացիաներից։ Բայց ընտրվեց քաղաքական ճանապարհը, որի համար, ենթադրում եմ, ուղղորդող դարձան քո կողմից արված «Հայաստանի ներքին և արտաքին թշնամիներ» արտահայտությունը, որը, պետք է փաստել, ունի բազմաթիվ տերեր և շահառուներ, որոնց շարքում դու և Հայաստանի Հանրապետության ազգային ու պետական շահը չկաք։ Այս գործընթացի շահառուները քո ձեռքով կվերցնեն այն, ինչ իրենց պետք է և վերջում մենք նորից ստիպված կլինենք միասին պայքարել Հայկական շահի հաղթանակի համար

Ոչ մի կերպ չհասկացա, թե ինչպե՞ս կարողացար ադեկվատ որակել մի մարդու, ով սրանից 20 տարի առաջ արդեն ադեկվատ չէր։ Իսկ կարո՞ղ է այդ ադեկվատության հաստատումը քեզ պետք է հետագայում նրա խոսքերի վրա հիմնված քաղաքական կապիտալի ձևավորման համար։ Ստիպված եմ հիասթափեցնել, չի ստացվելու, քանի որ ոչ մի Հայաստանի սթափ ու գիտակից քաղաքացի չի կարող դահիճի խոսքերը ճանաչել և ընդունել՝ դրանով իսկ լեգիտիմացնելով ձևավորվելիք քաղաքական կապիտալը։

Արման ջան, խնդրում եմ կրկին դիտես այս թեմային առնչվող քո վերջին հարցազրույցները, եթե չնկատես, կրկին լսի, բայց արդեն ՀՀ շարքային քաղաքացու ականջներով։ Լրագրողների տված հարցերը, շեշտադրումները, հատկապես այդ լրատվամիջոցների քաղաքական ընդհանուր գծի մեջ։ Եվ հատուկ ուշադրություն դարձրու ձայնիդ տեմբրին, էմոցիոնալ փոփոխություններին և խոսքիդ խնամքով թաքցրած շեշտերին՝ դահիճի համոզմունքներն ու անելիքները բարձրաձայնելու և հանրայինացնելու ենթատեքստում։ Այդ թաքնված ենթատեքստերը չափից շատ ակնառու են և վատ քողարկված:

Չէի հավատում, հիմա էլ չեմ կարողանում հավատալ…

Հասկանում եմ, քաղաքականություն է, պետք է հաստատվել, գտնել ուրույն կերպար և տեղայնացում քաղաքական դաշտում, բայց դրա համար կան այլ ճանապարհներ ու միջոցներ, որոնք առավել ազնիվ են հիմնավոր և երկարաժամկետ, զերծ պատեհապաշտությունից և կարմիր գծերը անցնելու վերջերս նորմա դարձած մոլուցքից: Եթե չես գտնում, կարող եմ օգնել, հուշել։ Օրինակ՝ կարող ես մշակել և հանրությանը ներկայացնել կուտակված խնդիրների լուծման կամ Հայաստանի որևէ ոլորտի բարեփոխման ու զարգացման որևէ ռազմավարություն, ծրագիր։

Գիտեմ, որ բարդ է, ժամանակատար, միտք է պետք, գիտելիք, գաղափար և ամիսների ծանր աշխատանք։ Բայց սա է ապագայի քաղաքականությունը, սա է ճանապարհը, որ տանում է դեպի վաղը, այն վաղը, որը դու, որոշ ժամանակ առաջ, ընտրում էիր այսօրվա և երեկվա մեջ։

Նոր նեոպոպուլիզմի չափաբաժնի կիրառումը` լրագրողական պսևդոարդարամտության միքսով ոչ միայն այլևս ընկալման և ընդունման շանս չունի, այլ նաև ծայրահեղ վտանգավոր է և անհեռանկար:

Անցյալի խնդիրները փորելը նման է ավազի մեջ գտած սափորի, որի խցանը հանելուց հետո այլևս չես վերահսկելու բաց թողնված ջինին։ Վերջում մեկ բարեկամական խորհուրդ. Արտաքին թշնամիների մասին խոսելիս աշխատիր առաջնորդվել ոչ թե քո ներսում առկա հույզերով, դեմոններով, համոզմունքներով, այլ շահով, ազգային շահով, պետական շահով, Հայկական շահով։ Կապի՛ր քեզ Հայաստանի հետ, հայկականության հետ, հանի՛ր քո գլխավերևում ծածանվող բոլոր դրոշները, թող միայն հայկականը, քանզի որևէ այլ դրոշ ներկված չէ հայի արյունով և չի պաշտպանում Հայկական շահը:

Զգույշ եղիր չկորցնել զգոնությունը, որ չդառնանք մանրադրամ համաշխարհային քաղաքական առևտրում:

Այս անգամ արդեն չեն վերադարձնի այդ մանրադրամը»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2614238891972953&id=473981732665357

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ